ՏԱԿԸ ԲԱՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» գիտաժողովում երեկ ունեցած ելույթում   Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Հույժ կարեւոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց»:  Ինչ խոսք,  գործող իշխանության  այս մոտեցումը նորություն չէ: Ղարաբաղի` բանակցային գործընթաց վերադառնալու մասին Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը սկսեց խոսել դեռ անցյալ տարվա սկզբից` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի շուրթերով, որը հայտարարեց. «Այո՛, սխալ է տեղի ունեցել, եւ ճիշտ կլինի քաջություն ունենալ այդ սխալը ուղղել: Մենք առաջարկում ենք շտկել սխալները»:  Այդ ընթացքում ՀՀԿ-ականները, իհարկե,  առիթը բաց չթողեցին քննադատելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործունեությունն ու  նրա անմիջական ղեկավարի` Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ համապատասխան  ակնարկներ անելու հնարավորությունը: Սակայն նախորդ իշխանության  սխալն ուղղելու մասին ՀՀԿ-ականների հայտարարությունն  անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չամրապնդվեց գործող  իշխանության  կողմից իրականացված հստակ քայլերով: Ո՛չ ԵԱՀԿ միջնորդների, ո՛չ միջազգային այլ կազմակերպությունների, ո՛չ էլ երկկողմ հանդիպումների ընթացքում Հայաստանի ղեկավարության կողմից Ղարաբաղը կրկին բանակցային ֆորմատ վերադարձնելու մասին որեւէ հրապարակային պահանջ կամ առաջարկություն չներկայացվեց: Դա չարվեց անգամ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ թվում էր` բավականին բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայկական կողմի դիրքորոշման կոշտացման եւ այդ համատեքստում նաեւ այս հարցն առաջ տանելու համար: Ի դեպ, այդ ժամանակ  ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը Ազգային Ժողովում, անդրադառնալով այս խնդրին, ասել էր. «Այժմ Հայաստանը կարող է շատ կտրուկ քաղաքականություն վարել, ինչը եւ լավագույնս արվում է հանրապետության նախագահի կողմից։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»: Անհասկանալի է, թե այս դեպքում ինչը խանգարեց Սերժ Սարգսյանին եւ նրա նախաձեռնողական արտաքին քաղաքականության խոսափողին` Էդվարդ Նալբանդյանին, հայտարարություններից անցնել գործուն քայլերի: Գուցե այն պարզ ճշմարտությո՞ւնը, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու տարիներին Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի, ապա նաեւ` ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ասել է թե` կատարվածում ունի իր գործուն մասնակցությունը, հետեւաբար նրա համար բավականին դժվար է լինելու նույն ԵԱՀԿ միջնորդներին բացատրել, թե ինչու էր այն ժամանակ Ղարաբաղի բանակցային գործընթացից դուրս մնալը նրա համար ընդունելի, իսկ հիմա` ոչ:  Այնպես որ, Սերժ Սարգսյանի  երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել ընդամենը  նախընտրական քաղաքական պոպուլիզմի շրջանակներում:




Լրահոս