«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հյուրընկալվող Ռուսաստանի քաղաքացին նախանձով արձանագրեց․«Ի՜նչ առողջ է ձեր հասարակությունը։ Մեր հսկայական երկրում այսպիսի ակցիաների, պայքարի օջախների կարոտ ենք՝ համատարած ստրկամտություն է եւ պուտինյան քաղաքականության փառաբանում»։ Հիրավի, մենք հպարտանալու բան ունենք։ Հատկապես մեր երկրում աճող երիտասարդներով, որոնք մեզ՝ մեծերիս նման չունեն վախի ու զգուշության այն զգացումը, որը մշտապես խանգարում է պայքարը նպատակակետին հասցնելուն։ Նրանք նաեւ մեզ նման անտարբեր ու պասսիվ չեն՝ իրենք են տերն այս երկրի եւ պատրաստ չեն հաշտվել ու հանդուրժել իշխանությունների ցանկացած կամայականության հետ։
Նրանց ոչ ջրցան մեքենաներով կարելի է վախեցնել, ոչ ռետինե մահակներով, ոչ պագոնավոր ծեծողներով, ոչ ոստիկանություն տանելով։ Նրանք, ի տարբերություն մեզ, լիուլի օգտագործում են իրենց գիտելիքներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ օրենքներ, համացանց, տեսաձայնագրառումներ, միջազգային լրատվամիջոցների ու հանրության հետ կապեր։ Նրանք ավելի քիչ են հակված գործարքների՝ Բաղրամյան 26-ից ստացված հրավերը 50-ամյա քաղաքական գործիչների համար է գայթակղիչ ու մերժման ոչ ենթակա։ Երիտասարդները չեն շոյվում ՀՀ նախագահի հետ շփվելու, նրա հետ բանակցելու հնարավորությունից։
Նրանք նաեւ դիմացկուն են՝ գիշերները Բաղրամյան պողոտայում դիմավորելու հանգամանքը նրանց չի վախեցնում եւ նրանք չեն գնում տուն՝ թեյ խմելու։ Այլ հասկանում են, որ այստեղ եւ հենց այս պահին է որոշվում երկրի ու իրենց ապագան։ Իսկ հակառակորդն ուժեղ է, կազմակերպված եւ պայքարը ճնշելու բազում մեթոդներով զինված։ Ուստի դրան կարելի է դիմակայել կամ նույնքան ուժեղ, կազմակերպված, հզոր լինելով, կամ՝ խիզախության, անձնազոհության եւ երիտասարդության հաշվին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: