Ժամեր առաջ Բաղրամյան պողոտա` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող երիտասարդների նստացույցի վայր այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին, զրուցեց ցուցարարների հետ, ապա շրջեց պողոտայով և առանձնազրույց ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր ենթակայի՝ Լևոն Երանոսյանի պահվածքը օրեր առաջ, երբ նա հայհոյում էր լրագրողներին, կոտրում նրանց հեռախոսները, պատասխանեց.
«Նշանակված է ծառայողական քննություն և ՀՔԾ-ում կա հարուցված քրեական գործ, ինչո՞ւմն ա բանը: Իսկ ո՞վ ասեց, որ չեն կարող լինել թերություններ ու սխալներ»: Նա հորդորեց լրագրողներին դադարեցնել հարցեր տալը, որ ամեն մեկը զբաղվի իր գործով:
Իսկ Լևոն Երանոսյանը ի պատասխան հարցի, ինչու՞ է հայհոյել լրագրողներին, նշեց. «Ես այդպիսի բան չեմ ասել»: