Իշխանական վերնախավում նախագահի ընտրությունների նախապատրաստական մեկնարկն արդեն տրվել է, եւ ՀՀԿ-ականներն այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել են կազմակերպչական աշխատանքները:
Այս պահին հայտնի են նրանց ցուցադրական արված քայլերը՝ ՀՀԿ ԳՄ նիստ, այնտեղ դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարի նախապատրաստական աշխատանքների, կազմակերպչական այլ խնդիրների քննարկումներ: Այս ամենից բացի, ՀՀԿ ներսում ընթանում են նաեւ որոշակի գործընթացներ, որոնց մասին, սակայն, ՀՀԿ-ականները գերադասում են չխոսել:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վերջերս իշխանությունների պատվերով անգլիական մի կազմակերպություն ՀՀ-ում սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել: Դրանց արդյունքները փակ են ներքին օգտագործման համար: Հարցումների արդյունքները պարզապես խուճապի մեջ են գցել իշխանություններին. Սերժ Սարգսյանի վարկանիշը սարսափելի ցածր է. նրա հանդեպ Հայաստանում առկա է համատարած դժգոհություն ու մերժողական վերաբերմունք: Դրան գումարած՝ Հայաստանում օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, այս օրերին շարունակվող եւ առաջիկայում էլ սպասվելիք գնաճը: Փոխարենը, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հարցումների համաձայն՝ բավական բարձր է ընդդիմադիր գործիչների վարկանիշը: Այս թեմայով իշխանական վերնախավում շարունակվում են ակտիվ քննարկումները:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ այս ամենից բացի, ՀՀԿ-ում սկսել են ակտիվորեն քննարկել նախագահի ընտրություններում իրենց առաջիկա անելիքները: ՀՀԿ ԳՄ նիստերում, բացի համագումարի նախապատրաստական աշխատանքներից, իրականացվում է ՀՀԿ-ական վերնախավի ներկայացուցիչների պարտականությունների հստակ բաժանում, թե պաշտոնյաներից ով որ մարզում է կոորդինացնելու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբների աշխատանքները: Մեր տեղեկություններով՝ պատասխանատու անձինք հիմնականում չեն փոխվել. նույն մարդիկ են, որոնք ԱԺ ընտրություններում կոորդինացնում էին ՀՀԿ շտաբները: Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս առումով պատասխանատվություն դրված է առաջին հերթին ՀՀԿ-ական համայնքապետերի վրա, ապա նաեւ մարզպետերի ու մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների վրա:
Այս ամենից բացի, պատասխանատվության ու վերահսկողության ֆունկցիա է դրված նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների վրա. օրինակ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բացի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելուց, պետք է կոորդինացնի նաեւ Արարատի մարզը, վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Լոռու մարզը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Շիրակի մարզը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ Գեղարքունիքի մարզը, Արա Աբրահամյանը՝ Վայոց ձորի մարզը, գլխավոր դատախազը՝ Արագածոտնի մարզը եւ այսպես շարունակ:
Սրանից բացի, արդեն իսկ սկսվել է Սերժ Սարգսյանի նախընտրական «սեւ հիմնադրամի» համար հանգանակությունը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, հիմնադրամին կատարվելիք վճարումները տատանվում են 1-5 մլն դոլարի շրջանակներում: Ու այդ փաստը լուրջ դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ական օլիգարխների շրջանում: Գործարարներից ոմանք մտերիմների շրջապատում համարձակվել են դժգոհել ամեն անգամ հսկայական գումարներ մուծելուց՝ ասելով, որ իշխանության համար իրենք ընդամենը «փողի տոպրակ» են, այնինչ այդ գումարները նախընտրական հիմնադրամին մուծելու փոխարեն կարող էին ներդնել այլ տեղ ու շահույթ ստանալ: Կա դժգոհության եւս մեկ պատճառ. գործարարները մեծ գումարներ ծախսել էին ընդամենը ամիսներ առաջ՝ ԱԺ ընտրություններում, եւ դեռ չեն հասցրել «փողը հետ բերել»: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ իշխանությունը Ս.Սարգսյանի հիմնադրամին մուծումներ կատարելու համար մոբիլիզացվել են նաեւ ԲՀԿ-ական որոշ գործարարներ ու համայնքապետեր, որոնք եւս պետք է իրենց «լուման ներդնեն»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ, իսկապես, իրենք ակտիվորեն նախապատրաստվում են ընտրություններին: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն այս օրերին փորձում է վերագնահատել իր հնարավորությունները, աշխատանք տանել այն կուսակցականների հետ, որոնք կարող են առաջիկայում դառնալ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ ղեկավարեն նախընտրական շտաբներն ու ենթաշտաբները: Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացներին ՀՀԿ-ական պետական պաշտոնյաների ներգրավվածությանը, ապա Սահակյանի խոսքով. «Մենք ունենք մեծաքանակ ՀՀԿ-ականներ, լինելով իշխանության մեջ, որոշակի պաշտոններ: Բայց կարծում եմ՝ եթե պետական պաշտոնյաները, եթե անգամ ղեկավարեն նախընտրական շտաբ, որեւէ գործունեություն ծավալեն, ապա դա կլինի բացառապես օրենքի շրջանակներում»:
ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՒՃԱՊ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ