ՉՆՉԻՆ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Կառավարությունը ՀՀ ԱԺ-ից ստացել է 406 առաջարկություն՝ 2013թ. պետական բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու համար: Ընդհանուր առմամբ՝ պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել 137,6 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով: ՀՀ կառավարությունը համաձայնել է պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 1,2 մլրդ դրամով: Ի դեպ, եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը (մոտ 1 մլրդ դրամ) լինելու են պաշտոնական դրամաշնորհները: Ծախսերից ամենամեծ ավելացում՝ 1,5 մլրդ դրամի չափով, նախատեսվում է զոհված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար: Սակայն կատավել է նաեւ 1,3 մլրդ դրամի այլ ծախսերի կրճատում: Պատգամավորների առաջարկներից ընդունվել են 67-ը, 137-ը մերժվել են, իսկ 202 առաջարկություն կքննարկվեն կառավարության հետագա ծրագրերում:
ԴԵՌԱՀԱՍ ԿԱՎԱՏՈՒՀԻՆ
NEWS.am-ի տեղեկացմամբ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ 19-ամյա Անահիտ Սարդարյանը անչափահաս մի աղջնակի 20 հազար դրամով 3 օրով վաճառել է կալանավայրից նոր վերադարձած իր ծանոթին: Վերջինս քաղաքի վագոն-տնակներից մեկում սեռական շահագործման է ենթարկել անչափահաս աղջկան: Ոստիկանության փոխանցմամբ՝ Անահիտ Սարդարյանը նոր չէր թրաֆիքինգի ոլորտում, մինչ այս էլ անչափահաս աղջկան տրամադրել է ընկերոջը՝ կրկին գումարի դիմաց: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ո՞Ր ԴԻՆԱՄԻԿԱՆ
Երեկ պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ նախագահի նստավայրում երկու երկրների նախագահները քննարկել են ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների եւ ստորագրված երկկողմ փաստաթղթերի կատարման ընթացքը, ընդգծել միջպետական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան:
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
ԱԺ ՀԱԿ խմբակցությունն արդեն պատրաստել է ՀՀ ՍԴ ներկայացվելիք հայտը, եւ այդ նպատակով խորհրդարանում կազմակերպել է ստորագրահավաք: Իսկ ՍԴ դիմելու համար պետք է 27 պատգամավորի ստորագրություն, որի համար վերջնաժամկետ չկա: Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, թե ՍԴ են դիմելու՝ պահանջելով հակասահմանադրական ու անվավեր ճանաչել ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը, որն արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու համար նախատեսում է, որ որպես քվորումի նվազագույն շեմ՝ գրանցվի 66 պատգամավոր: «Սահմանադրության 70-րդ հոդվածն ասում է, որ ԱԺ նախագահն արտահերթ նիստ է հրավիրում կա՛մ կառավարության, կա՛մ նախագահի պահանջով, կա՛մ էլ 44 պատգամավորի պահանջով»,-նշեց նա՝ հավելելով, որ 66 պատգամավորի քվորումն այս դեպքում պետք է միայն նախագծի քվեարկության ժամանակ: Զուրաբյանի խոսքով՝ ՍԴ դիմումի տակ կստորագրեն վերջերս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացած այն պատգամավորները, որոնք համարում են՝ խախտվել է իրենց սահմանադրական իրավունքը: «Հայցի բավարարումը ռեժիմի համար որեւէ անմիջական վտանգ չի ներկայացնում, այնպես որ, միանշանակ կանխորոշել ՍԴ որոշումը ես այս պահին չէի ցանկանա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:
ՀԺԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ
«Ա1+»-ի տեղեկացմամբ` դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ՀԺԿ-ն Ավան-Նոր Նորքի թիվ 1 ընտրատարածքում պաշտպանելու է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը: