Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ որ լրագրողները կկանչվեն ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում բռնության ենթարկված լրագրողների հրապարակումներն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Տեղեկացնենք, որ բացի հրապարակումներից՝ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւս լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասով գրություն է ուղարկել դատախազություն, ինչը եւս ուղարկվել է ՀՔԾ:

Իսկ ո՞ր լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական գործունեությունն էր խոչընդոտվել: «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանը պատմել էր. «Երբ հիմնական ցուցարարների մասին բռնեցին, հերթը հասավ մեզ: Նույնիսկ չնկատեցի էլ, թե ինչպես հարձակվեցին վրաս, որովհետեւ մի պահ ուղղակի հայացքս թեքեցի, ու միանգամից 4 հոգով հարձակվեցին, ընդ որում, ոչ միայն ոստիկանական, այլեւ քաղաքացիական հագուստով իրավապահներ»:

«Պանարմենիան ֆոտո»-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանի դեպքը տեղի է ունեցել Ազատության հրապարակում. «Երբ արդեն ավարտում էի նկարելը Թումանյանի արձանի մոտ, մեկը ձախ կողմից ձեռքը գցեց, որ ֆոտոխցիկը քաշի: Ես փախցրեցի, մեկ էլ մյուս կողմից քաշեցին: Քաղաքացիական հագուստով իրավապահներ էին: Ֆոտոապարատս գրկեցի պինդ, նստեցի գետնին: Մի քանի հոգի քաշում էին, խփում էին, բարեբախտաբար, վնասվածքներ չեղան»:
Իսկ, ահա, «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրել էր, որ իրեն ծեծել են ոստիկանության հրեշտակները. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր. ինձ ծեծում էր կարմիր բերատավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը…»:

Նշենք, որ այդ օրն ընդհանուր առմամբ ոստիկանները բերման էին ենթարկել 11 լրագրողի՝ Անի Հովհաննիսյան (Հետք), Հրանտ Գալստյան (Հետք), Մկրտիչ Կարապետյան (Հայկական ժամանակ), Փայլակ Ֆահրադյան («Գալա» հ/ը), Կարապետ Սահակյան (Panarmenian Photo), Արսեն Սարգսյան (News.am), Տիգրան Հակոբյան (Epress.am), Գարիկ Հարությունյան (Ազատություն), Դավիթ Դավթյան («Արմենիա» հ/ը), Խաչատուր Եսայան («Արմենիա» հ/ը): Նախնական տվյալներով՝ ոստիկանական գործողության ընթացքում բռնության էր ենթարկվել 8 լրագրող՝ Կարեն Չիլինգարյան (1in.am), Հովսեփ Հովսեփյան (1in.am), Գոռ Հովհաննիսյան (1in.am), Նիկոլայ Թորոսյան (Panarmenian.net), Գեւորգ Ղազարյան (անկախ լրագրող), Արթուր Պապյան (Ազատություն), Սիսակ Գաբրիելյան (Ազատություն), Գարիկ Ազիբեկյան (Ազատություն):

ՀՀ գլխավոր դատախազությունն էլ նշված լրատվամիջոցների լրագրողների մասին հրապարակումներ ուղարկել է ՀՔԾ` համապատասխան ընթացք տալու համար: Կհարուցվի՞ քրեական գործ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առիթով, թե՞ կմերժվի, դեռ վաղ է ասել:

Քնար Մանուկյան




Լրահոս