Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այս պահին Բաղրամյան պողոտայում են: Նրանք փորձում են բարձրանալ Բաղրամյան 26` նախագահական նստավայր, սակայն տեղում աշխատող ոստիկանները թույլ չտվեցին նրանց բարձրանալ:
«Արագ-արագ կարողանում են միայն ամեն ինչի գները բարձրացնելը, մեկը մյուսի ոտքի տակը քանդելը: Իսկ հարուցված քրեական գործերը մնում են նույն տեղում: Սեյրան Օհանյանը քանի օր է` իր «թայֆ հետ» Սևանում ուտել-խմելու մեջ է: Իսկ իրեն զինվոր տվածներին լսելու համար 5 րոպե ժամանակ չունի: Ես նոր փաստեր ունեմ, որոնք ցանկանում եմ ներկայացնել»,- վրդովված ասաց մայրերից մեկը:
Ապա վիճաբանություն սկսվեց սևազգեստ մայրերից մեկի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև. «Եթե ես Ձեզ հիմա հարվածեմ, մարդիկ կտեսնեն չէ՞, որ հարվածում եմ»,- կնոջ խոսքերի հետ Վալերի Օսիպյանը համաձայնեց:
Ապա կինը շարունակեց. «Երբ հետո հրամանատարն ասի` նա չի հարվածել, բոլորը պետք է նույն բանը կրկնեն, ոչ ոք ուրիշ բան չի ասելու: Մարտին Ջհանգիրյանը` հետախույզ տղան, տեսել է, որ իմ տղային սպանել են: Ես ապացույց ունեմ, նա էլ է ասել: Էլ ո՞նց ասեմ: Նրա բերանը փակել են»:
Վալերի Օսիպյանը, փորձելով հանգստացնել վրդովված կնոջը, ասաց, որ նշված ոստիկանն այլևս չի աշխատում:
Ապա Վալերի Օսիպյանը Բաղրամյան 26 գնալ ցանկացող մայրերից մեկին բարձր ձայնով հորդորեց ավելորդ տեղը լարվածություն չստեղծել: