Չեխիայի ԱԳ նախարարը մարդկության պարտքն է համարում հիշել Հայոց ցեղասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Չեխ նախարարին Ծեծեռնակաբարդ ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-­ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ` Լյուբոմիր Զաորալեկը շրջեց թանգարանում, գրառում կատարեց թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում, որից հետո ծաղկեպսակ զետեղեց անմար կրակի մոտ: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկը հուշահամալիրի այգում տնկեց եղևնի` «Ի հիշատակ հայ ժողովրդի որդիների ու դուստրերի ողբերգական մահվան»:

Հայոց ցեղասպանության թանգարան այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում Չեխիայի ԱԳ նախարարը կիսվեց իր տպավորություններով. «Ես խորապես տպավորված եմ, քանի որ այն շատ սարսափելի պատմություն է: Շատ կարևոր է, որ այն չմոռացվի, դա ոչ միայն անցյալ է, պատմություն, այլև վերաբերում է ներկային: Մենք պետք է խոսենք դրա մասին, մենք պետք է հիշենք այդ իրադարձությունն ու ողբերգությունը: Մեր պարտքն է անընդհատ հիշել այն»:

Իսկ հարցին ի պատասխան, թե երբ Չեխիայի Հանրապետությունը կմիանա այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` նշեց. «Չեխիայի Հանրապետությունը պարբերաբար հիշատակել է այս իրադարձությունը: Ես գիտեմ նաև, որ մեր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (խորհրդարանի­խմբ.) հռչակագիր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև մեր նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես իր դիրքորոշումն է հայտնել այդ մասին: Մեր երկիրը կշարունակի հետամուտ լինել այս հարցին և վառ պահել հիշատակը»:




Լրահոս