Արտաշատ քաղաքի «Արտաշատ TV» ակումբում նոյեմբերի 26-ին արտառոց միջադեպ է գրանցվել: 22-ամյա Սուսաննա Անդրեասյանի եւ 18-ամյա Սվետլանա Ապիկյանի միջեւ խանդի հողի վրա ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում էլ Սուսաննային դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից եւ նշեցին, որ փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, սակայն վերջինս նշեց, թե տեղյակ չէ այդ ծեծկռտուքից: Ի դեպ, «Արտաշատ TV» ակումբը գտնվում է Արտաշատի քաղաքապետարանի անմիջական հարեւանությամբ:
Զրուցեցինք նաեւ ակումբի տնօրեն Արտակ Մանուկյանի հետ, որն ասաց, որ դեպքի ժամանակ ակումբում չի եղել: «Դե աղջիկներ են, չեն հասկացել իրար, կռվել են: Դեպք է, եղել է, մեկը մյուսի նկատմամբ չի բողոքում: Գիտեմ, որ աղջիկներին կանչել են, քննել, ու ամեն ինչ կարգավորվել է: Ինչ-որ բան չկա այստեղ, եւ սա նորմալ երեույթ է,-նշեց տնօրենը` այնուամենայնիվ նկատելով, որ ակումբում նման միջադեպ երբեք չի եղել:-Ինչպես իրենք են պատմել, աղջիկներից մեկը մյուսին պարելու համար խանդել է, ու դա էլ եղել է պատճառը»:
Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ միջադեպի օրն ակումբում 30 հոգի մարդ է եղել: «Կռվողներից մեկը` Սվետլանան, հիմա իմ աշխատակցուհին է, բայց ոչ մի բան չեմ կարող ասել իր մասին, քանի որ անձամբ չեմ ճանաչում եւ չեմ շփվում նրա հետ: Իսկ մյուս աղջիկը` Սուսաննան, թեեւ որքանով տեղյակ եմ՝ ինչ-որ հիվանդություն ունի»,-ընդգծեց Ա. Մանուկյանը:
Տնօրենից տեղեկացանք նաեւ, որ ամբողջ միջադեպը ակումբի տեսախցիկները նկարահանել են. «Մի բան ասեմ Ձեզ, տուժող աղջիկը երեկ եկել է ակումբ եւ ասել, թե ես ձեր հաճախորդն եմ, թե իրեն ոչինչ չի եղել, եւ շարունակել է ուրախանալ ու պարել: Մեզ մոտ բոլորն էլ իրար հետ եւ հաճախորդների հետ ջան-ղուրբանով են»: Ա. Մանուկյանն ընդգծեց նաեւ, որ եթե իր աշխատողներից որեւէ մեկը կատարի ոչ ճիշտ քայլ եւ խախտի ակումբի կանոնակարգը, անպայման կպատժվի. «Ես ինքս օրենքը շատ հարգող, շատ սիրող մարդ եմ, նույնն էլ ցուցմունք տալիս ասել եմ ոստիկանությունում: Հիմա եթե իրենք սխալ են եղել, փառք Աստծո, մեր ոստիկանությունը գիտի, թե ինչ քայլեր պետք է իրականացնել»:
Փորձեցինք տնօրենի միջոցով զրուցել նաեւ աղջիկների հետ, սակայն, ինչպես պարզվեց, աղջիկները եւ, առհասարակ, ակումբի աշխատակիցները չեն ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը:
ԿԱՆԱՑԻ ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ