Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողների թիվը շարունակում է ավելանալ: Վաղ առավոտից մարդկանց հոսքը չի դադարում:
Քիչ առաջ ակտիվիստների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հարց ուղղեց, թե որտեղից և ովքեր են բերում սնունդը, ինչին ի պատասխան` նրանք հայտնեցին, որ պարզապես իրենց են մոտենում պատահական մարդիկ, հարցնում են` ինչ է պետք, իրենք էլ պատասխանում են, որ կարող են սնունդ բերել. «Որևէ մեկը չի կազմակերպում»,- հավելեցին ակտիվիստները:
Ապա փոխոստիկանապետն առանձնազրույց ունեցավ լրագրողների հետ: Ուկրաինայից ժամանած լրագրողների հարցին` ինչպես կգնահատի այս պահին տիրող վիճակը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Դուք էլ եք տեսնում, որ ամեն ինչ հանգիստ է, խաղաղ, համենայն դեպս, ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում»:
Ապա նույն լրագրողը հարցրեց, թե հատուկ միջոցառումները, որոնք կիրառվեցին նախօրեին մարդկանց ցրելու ժամանակ, Վալերի Օսիպյանն ասաց, որ սխալ է «ցրել» բառն օգտագործելը:
Վայրկյաններ անց փոխոստիկանապետը գաթա հյուրասիրեց ուկրաինացի լրագրողներին: