«ԹԵԹԵՎ» ՄՏԱԾՈՂ «ԱՐԴԱՐԱԴԱՏ» ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ամիս է՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներից անընդմեջ ահազանգեր են ստացվում, որ բանտարկյալներն իրենց բերաններն են կարել, հացադուլ են հայտարարել կամ  իրենց մարմնի մասերից են կտրել: Առաջին  տրամաբանական հարցը, որն առաջանում է յուրաքանչյուր քաղաքացու մոտ, այն է` իսկ  ի՞նչ է այդ ամենի մասին մտածում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Սակայն, ի պատասխան  նման հարցադրումներին, նախարարն ընդամենը հայտարարում է. «Աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է»:
Նախ ներկայացնենք այս ընթացքում ՀՀ ՔԿՀ-ներում տեղի ունեցած ինքնախեղման մի քանի դեպքեր: «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Հայկ Գալստյանը հայտարարեց, որ ինքը կարում է աչքերը եւ հայտարարում անժամկետ հացադուլ, քանի որ նոյեմբերի 20-ին ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ Հ. Թովմասյանը պնդել էր, որ չեն գնալու զիջումների այն դատապարտյալների հարցում, որոնք արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման: Գալստյանը դժգոհ էր իր դեմ կայացրած դատական վճռից:
Այնուհետեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Կարեն Թառոյանը կտրեց իր  ճկույթը  եւ ուղարկեց կայքերից մեկի խմբագրություն: Իսկ Հ. Թովմասյանն ԱԺ-ում 2013թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ի պատասխան լրագրողների հարցերին,  հայտարարեց, թե նշված դատապարտյալը 20 անգամ պատասխանատվության է ենթարկվել, եւ հիմա բողոքների պատճառն այն է, որ նրան ուղարկում են «Գորիս» ՔԿՀ, որտեղ ավելի խիստ պայմաններ են: Նախարարը նաեւ հավելեց. «Աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է, նման դեպքեր լինում են աշխարհի բոլոր քրեակատարողական հիմնարկներում»: Չբավարարվելով նշվածով՝ նա վստահեցրեց, թե բանտարկյալների համար բերան կարելը գրեթե նույն բանն է, ինչպես աղջիկների համար ականջ «ծակելը»: «Ասենք այնպես, ինչպես աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ արդեն կան»,-զուգահեռ տարավ  Թովմասյանը` վստահեցնելով, որ մեկ տարի անց` «Արմավիր» ՔԿՀ-ի ստեղծումից հետո, բոլոր հարցերը կլուծվեն:
Սակայն դրանից հետո եւս մեկ արտառոց դեպք տեղի ունեցավ «Սեւան» ՔԿՀ-ում: Օրերս «Ժողովուրդ»-ին դիմեց դատապարտյալ Սամվել Խուդաբախշյանը` պատմելով, որ ինքը սպիդով հիվանդ է, եւ իրեն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Սակայն այնտեղ իրեն չեն «պահում»` պատճառաբանելով, թե առայժմ ոչ մի «արտառոց» խնդիր չունի: «Ախր ես հիվանդ եմ, ու էդ հիվանդության մասին քրեակատարողական հիմնարկում տարածեցին, բոլոր բանտարկյալները տեղյակ են, որ ես լուրջ հիվանդություն ունեմ, ու իմ հետ չեն շփվում, ինձ հետ հաց չեն ուտում, չեն թողնում, որ նույն տեղից օգտվենք, իմ վրա ճնշում են գործադրում: Ու հիմա բերել են ինձ հիվանդանոց, ասում են` լուրջ բան չկա, քեզ տանում են քրեակատարողական հիմնարկ: Ախր ինձ ճի՛շտ հասկացեք, եթե ես հետ գնամ, բանտարկյալների հետ էլի խնդիրներ կունենամ ու այնտեղ ճնշված կապրեմ, ես չեմ ուզում՝ ինձ այնտեղ ուղարկեն: Դրա համար, որ իմ բողոքը տեղ հասնի, ես հացադուլ եմ հայտարարում»,-մեզ հետ զրույցում նշեց բանտարկյալը:
Օրերս էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Աշոտ Չտրկյանն անժամկետ հացադուլ  հայտարարեց: Նրա փաստաբանը նշեց, թե իր պաշտպանյալի բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացրած ոչ արդարացի որոշմանը, եւ որ իրեն թույլ չեն տվել գործի վերաքննության կարգով քննելու համար միջնորդություն ներկայացնել: Ինչեւիցե, այսպիսի օրինակները բազմաթիվ են ու օր օրի ավելանում են, եւ բանտարկյալները հիմնականում բողոքում են դատարանների կողմից կայացրած որոշումներից:
Արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շատ «թեթեւ» է վերաբերում այս դժբախտություններին եւ ամեն անգամ իրեն այդ մասին հիշեցնելիս հայտարարում է, թե այդ ամենը աշխարհում տարածված երեւույթ է: Չնայած վերջերս նա փորձեց մեղմել իր՝ վերը նշված հայտարարություններից հետո առաջացած բացասական արձագանքը` վստահեցնելով, թե անգամ դեպքեր են եղել, երբ ինքը գիշերվա ժամը 1-ին գնացել է ՔԿՀ` այցելելու իրեն վնասած դատապարտյալին: Այդպիսով նախարարը ցանկանում էր ցույց տալ, թե ինքն էլ է մտահոգվում դատապարտյալների ճակատագրով, սակայն ափսոս, որ բերված «անձնազոհության» օրինակն այնքան էլ համոզիչ չէր, առավել եւս, որ դա նրա պաշտոնական պարտականությունների շրջանակում էր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս