Կնորոգվեն «Արփա-Սևանի» վթարային հատվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը: «Արփա-Սևան» ջրատարի երկրորդ թունելում ի հայտ եկած վթարային հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 18 մլն դրամ:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ջեռուցումն իրականացվում է հիմնականում էլեկտրաէներգիայի միջոցով: Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները, Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման համար հետազոտություն է կատարել:

Պարզվել է, որ այդ ծրագրի իրականացմամբ հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսի առնվազն 40 տոկոս տարեկան խնայողություն: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին:

Համացանցի միջոցով հայկական արվեստի և գրականության ստեղծագործությունների տարածման, հայ մշակույթին միջազգային հանրությանը ծանոթացնելու նպատակով կառավարությունը թույլատրել է յուրաքանչյուր անձի կողմից ազատորեն օգտագործել մի շարք ստեղծագործություններ, որոնց նկատմամբ հեղինակի գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:




Լրահոս