ՎԱՐԴԱՆԻԿԻ ՆՈՐ ՕԲՅԵԿՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա օգոստոսի սկզբից Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 շենքի հետնամասում սկսվեցին շինարարական աշխատանքներ: Ավելի ուշ շրջանառվող լուրերից պարզ դարձավ, որ տարածքում կառուցվում է գազալցակայան, որի տերը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Մինչ շինաշխատանքների բուն ընթացքը, տարածքի բնակիչները բազմաթիվ անգամներ էին դժգոհություն բարձրացրել իրենց շենքերի անմիջապես կողքին գազալցակայան կառուցելու կապակցությամբ: Սակայն աշխատանքների իրականացումից արդեն իսկ պարզ է, որ բնակիչների դժգոհությունները հաշվի առնող չի էլ եղել: Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքապետարանը մի քանի անգամ փորձել է կասեցնել շինարարական աշխատանքները, բայց կարծես թե անարդյունք:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից տեղեկացանք, որ այդ տարածքը պատկանում է «Դանիկո» ՍՊԸ-ին: Տարածքում շինաշխատանքներ իրականացնելու համար տվյալ կազմակերպությունը չի ունեցել եւ չունի թույլտվություն: Այս ամսվա նոյեմբերի 12-ին ապօրինի շինարարություն իրականացնելու համար   քաղաքապետարանը «Դանիկո»-ին տուգանել է 100.000 դրամի չափով: Դրանից հետո ՍՊԸ-ն շարունակել է աշխատանքները, ինչի պատճառով քաղաքապետարանը երկրորդ անգամ է տուգանք կիրառել՝ 2.5 մլն դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի պրիմ. 1 կետի ¥պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը), հարուցվում է քրեական գործ: Համաձայն մեր տեղեկությունների՝ տուգանքի կիրառման հենց հաջորդ օրն աշխատանքները շարունակվել են, բայց երեկ՝ մեր այնտեղ գտնվելու պահին, տարածքում ոչ ոք չկար, եւ ոչ մի աշխատանք էլ չէր իրականացվում:
Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի նախկին պետ Ռաֆիկ Հակոբջանյանը լրատվամիջոցներից մեկի կողմից ամիսներ առաջ իրեն ուղղված այն հարցերին, թե տվյալ տարածքը երբ է օտարվել, իրականացվել է տարածքի աճուրդ-վաճառք, եւ ով է դրա սեփականատերը, պատասխանել էր. «Քաղաքապետարանն ամեն ինչից էլ տեղյակ է»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս