Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցը նոր փուլ եւ սկիզբ է միջազգային ճանաչման գործում, եւ այս գործընթացն այլեւս անշրջելի է: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` հունիսի 25­-ին Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հատկանշական համարեց այն փաստը, որ տարբեր երկրների խորհդարաններում ճանաչման գործընթացն իրականանում է բոլոր ուժերի մասնակցությամբ:

«Բացի այդ, շատ գնահատելի են հայտարարությունները, որ անում են տարբեր երկրների ղեկավարները: Օրինակ, Գերմանիայի նախագահի հայտարարությունը, Բելգիայի վարչապետի հայտարարությունը, որը բարձր գնահատականի է արժանի: Այս ամենը փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»,­ ասաց Նալբանդյանը: Ապրիլի 23-­ին Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցած էկումենիկ աղոթքից հետո Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հանդես էր եկել ծավալուն ելույթով եւ շեշտել, որ Գերմանիան խոսում է Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-­ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-­1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»:




Լրահոս