Մարդկային հարաբերությունները, բոլոր ժամանակներում էլ լինելով խայտաբղետ, այնուամենայնիվ, որոշակի ուրվագիծ ունեցել են: Բացառություններով հանդերձ՝ դրանք ընկալելի եւ ընդունելի են եղել տվյալ ժամանակահատվածում ապրող հասարակությունների համար: Ոչ քիչ թերություններով հանդերձ՝ Խորհրդային միությունը բավական մարդասիրական երկիր էր, որտեղ բացի այն, որ ամեն ինչ արվում էր մարդու բարօրության համար, նաեւ աշխարհի շատ երկրների հետ համեմատած՝ մարդկային հարաբերություններն իրենց մաքրությամբ, շիտակությամբ, ազնվությամբ, զգացմունքայնությամբ, գթասրտությամբ, բարությամբ կանգնած էին մի քանի քայլ ավելի բարձր մակարդակի վրա: Փորձենք անդրադառնալ մեր երկրում վերջին 20 տարիներին մարդկային հարաբերությունների բովանդակային վերլուծությանը:
Մարդկային հարաբերությունների նկարագիրը, որը կփորձենք արձանագրել 1991թ. սկսած, օր օրի ավելի է զավեշտի նմանվում: Բովանդակային իմաստով դրանք համարյա չեն տարբերվում գայլային հարաբերություններից: Կարելի է փաստել ավելին. ուղղակի այս դեպքում շատ բաներ կատարվում են խիստ համակարգված, այլ ոչ թե գայլային բնազդի ուղղորդման նմանակմամբ: Հատկապես մեր օրերում ունեւորության տեսանկյունից՝ մարդկանց բեւեռացումն այնքան է խորացել, որ երկրում շրջանառվող փողային եւ շատ այլ միջոցների գերակշիռ մասը կուտակվել է մի խումբ մարդկանց ձեռքում, իսկ միլիոնավոր մարդիկ մնացել են նույնիսկ առանց հաց ու դեղ գնելու հնարավորության: Եւ մեր սիրելի իշխանավորները սա անվանում են ժողովրդավարություն, իսկ ժողովուրդը շարունակում է լռել եւ աչք փակել այս ամենի վրա: Կարծում ենք՝ ժողովրդին նման նվաստացման հասցնելը բնավ ինքնանպատակ չէ, եւ այն շատ ավելի խորքային միտումներ ունի: Բարձրաձայնենք դրանցից մի քանիսի մասին: Արտաքին էֆեկտների առումով ոչ մի իշխանություն հենց այնպես չի ցանկանա, որ իր ժողովուրդն ապրի նվաստացուցիչ պայմաններում: Այնպես որ, եթե խորանանք այս երեւույթի բովանդակային խութերի մեջ, ապա կարելի է արձանագրել հետեւյալը. որքան վատ լինի ժողովրդի սոցիալական, տնտեսական, ֆինանսական վիճակը, նա այդքան ավելի շատ ժամանակ կտրամադրի այդ հարցերի լուծման համար, հետեւաբար նրա, այսպես ասած, ազատ ժամանակն այդքանով ավելի քիչ կլինի, որի ընթացքում նա կարող է ավելի շատ վերլուծություններ անել, որն էլ կբերի նրան, որ նույն ժողովրդի կողմից ավելի շատ պահանջներ կդրվեն իշխանությունների առջեւ: Իսկ սա հենց այն ամենաանցանկալի վիճակն է, որից մշտապես խուսափում են իշխանությունները:
Դեռ բավական չէ այն իրողությունը, որ ժողովրդի հոգսերով գիշեր-ցերեկ «տառապող» իշխանությունները գլուխ քորելու ժամանակ չունեն, մնում էր՝ այս «պահանջկոտ» ժողովուրդն էլ նրանց առջեւ լրացուցիչ պահանջներ ներկայացներ (բա գիտեք հե՞շտ է ժողովրդի «ծառա» աշխատելը): Եւ քանի որ մեր ժողովուրդն էլ միշտ փայլել է իր մեծ խղճով, հետեւաբար ըմբռնումով է մոտենում իշխանությունների «տառապանքին», ոչ մի քայլ չի ձեռնարկում, ուղղակի պահպանում է իր գինեսյան հանդարտությունն ու շարունակում իր ինքնաբնաջնջումը: Ժողովուրդն այս վերջինն այնքան խոհեմաբար է անում, որ իշխանությունների «գութը» երբեմն-երբեմն շարժվում է, եւ քիչ է մնում՝ նրանք որոշակի չափով փոխեն իրենց որդեգրած ստրատեգիական վեկտորի ուղղությունը, այն էլ ակնհայտորեն հօգուտ ժողովրդի:
Փաստորեն, 90-ականներից մարդկային հարաբերությունների որակի կորը գնալով սկսել է նվազել, եւ կարելի է արձանագրել, որ այն համարյա մոտեցել է 0-ին: Ժողովուրդը հատել է մարդկային հարաբերությունների՝ լիովին վերացման վտանգավոր եզրագիծը, որից այն կողմ սկսվում է շատ ավելի վատը, քան կենդանական հարաբերություններն են: Այստեղ պետք է ազնիվ լինել եւ փաստել, որ ստեղծված վիճակի համար հավասարապես մեղավոր է նաեւ ժողովուրդը, որը կուլ է տալիս իշխանությունների կողմից նետված խայծերը, հիպնոսացվում է եւ ակամա անտարբերությամբ վերաբերում այնպիսի սուրբ արժեքներին, որոնք ձեռք են բերվել հազարամյակների ընթացքում, եւ որոնց կնախանձեին շատ ու շատ ազգեր:
Կյանքում ինչպես ամեն բան, այս մեկը եւս տեղի է ունենում ինքնաբերաբար՝ ունենալով իր խորքային պատճառները, որոնցից ամենագլխավորը վայրի կապիտալիզմի առկայությունն է Հայաստանում, որի միակ սրբությունը փողն է, որն անողոքաբար ջնջում է մարդկային նորմալ հարաբերությունները:
Կարելի է արձանագրել, որ մեր երկրում եղբայր, քույր, ընկեր, հարեւան, ծանոթ եւ այլ հարաբերությունները համարյա ոչնչացված են, եւ երկիր, պետություն, ազգ, ժողովուրդ հասկացություններն իրենց իմաստը կորցրել են: Երկրում մնացել է անհասկանալի կանոններով ապրող մարդկանց բազմություն…
«Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ»
միջազգային կենտրոն ՀԿ-ի նախագահ