ՄԱՐԶՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ «ՉԱՆՑԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի՝ 2012 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչեւ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը:
Սեւքարի բնակիչները նախկինում «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել էին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով դպրոցում եւ գյուղում ստորագրություններ է հավաքել, որի պատճառով լարվածություն էր առաջացել: Ն. Թանանյանը մանկավարժական կրթություն չունի, նա ընդունվել է Իջեւանի քոլեջ, որի վերակազմավորման պատճառով կրթությունն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում` բժշկական կիբեռնետիկա մասնագիտությամբ: Սեւքարում խոսակցություններ էին տարածված, որ Նաիրա Թանանյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու հարցը վճռված է, քանի որ Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյան դրա համար «դաբրո» է տվել: Սեւքարեցիները մեզ հայտնել էին, որ Ն. Թանանյանի՝ Իջեւան քաղաքում ավտոպահեստամասերի խանութ ունեցող ամուսինը գյուղում հայտարարել է, որ իր կնոջ՝ տնօրեն նշանակվելու հարցն արդեն լուծված է:
2012թ. նոյեմբերի 24-ին Սեւքարի դպրոցում կայացել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Տնօրենի թեկնածու է եղել մեկ հոգի՝ Նաիրա Թանանյանը: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից քվեարկությանը մասնակցել է 6-ը, որից 4-ը քվեարկել է Նաիրա Թանանյանի օգտին, իսկ 2-ը՝ դեմ: Մինչդեռ տնօրեն ընտրվելու համար Ն. Թանանյանը պետք է առնվազն 5 քվե ստանար: Սեւքար համայնքից տեղեկացանք, որ գյուղի երիտասարդությունն ավտոմեքենաներով ժամանել է դպրոցի բակ եւ դժգոհել, որ մարզպետ Ղուլարյանի եւ նրա ենթակայի թելադրանքով Սեւքարում դպրոցի տնօրեն են ընտրում: Նշենք, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարուսյա Բալասանյանը երկու տարուց  պետք է կենսաթոշակի անցնի, այդ պատճառով նա դպրոցը ղեկավարելու համար հավաստագիր ստանալու դասընթացի չի մասնակցել: Սեւքարի դպրոցում լարված իրավիճակը շարունակվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս