Գագիկ Գինոսյանը ներկայացնում է ոստիկանների կողմից իրեն բռնության ենթարկելու մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես միտինգային, հեղափոխական կերպար չեմ, բայց քաղաքացիական ընդվզումներին սովորաբար ներկա եմ լինում, քանի որ կարծում եմ` յուրաքանչյուր հայ պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ ազգի համար խնդիր է ծառանում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ժամանակ իրեն բերման ենթարկվելուն. «Ես որպես ծնող, հայ մարդ ինձ բարոյապես թույլ չէի տա բացակայել այնտեղից, որովհետև իմ սաներից շատերը գտնվում էին այնտեղ: Գոնե ընդհարումների ժամանակ թիկունք կլնինեի նրանց»,- ասաց նա:

Գինոսյանը պատմեց, որ ամենավատը սկսվեց ցուցարարներին ցրելուց հետո, երբ բոլոր մարդիկ թրջված, դողալով փորձում էին հասկանալ, թե ովքեր են իրենց վնասվել, ինչ է տեղի ունեցել. «Երբ մոտենում էի իմ մեքենային, լսեցի Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Սոնա Ենգիբարյանի աղիողորմ ձայնը, որը օգնություն էր խնդրում ինձանից: Ես շրջվեցի ու տեսա մի քանի հաղթանդամ կարմիր բերետավորներ նրա ձեռքերը ոլորել ու փորձում էին խցկել մեքենան, մինչդեռ նա դիմադրություն ցույց չէր տալիս: Մինչև հիմա նրա աջ ոտքը հարվածից կապտած է: Մոտեցա, փորձեցի համոզել, որ նրա ձեռքերը բաց թողնեն, նրանցից մեկը՝ առանց գլխարկի, անմարդկային կերպարանքով, ասաց՝ կանդալեք դրան և տարեք: Իմ ձեռքերը ոլորեցին ու տարան, գլուխս թեթև հարվածեցին մեքենային, որ չդիմադրեմ, թեև չէի ընդդիմանում, ոտքերիս խփեցին ու ձախ ոտքս մինչ հիմա էլ ցավում է»,- ասաց  «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը:

Նա հավելեց, որ ոստիկանությունում անցկացրած յոթ ժամերի ընթացքում շարունակ հարցրել է, թե ովքեր են իրեն բերման ենթարկողները, ովքեր էին այդ մարդիկ, սակայն որևէ պատասխան մինչև այժմ էլ չի ստացել:

Արփինե Թովմասյան




Լրահոս