ՍՈՎԱԾ ԽՈԶԸ
Թուրքիայի Քըրքլարելի նահանգի անտառներում սոված մնացած վայրի խոզը մտել է քաղաքի շուկաներից մեկը եւ հարձակվել քաղաքացիների վրա: Գնումների համար շուկա մտած տղամարդուն տապալել է գետնին եւ կծել ու պոկել նրա ձեռքի մատը: Շուկայի վաճառականները մոտ 150 կգ քաշ ունեցող խոզի վրա են հարձակվել դանակներով եւ սպանել: Քաղաքապետարանի աշխատակիցները սատկած խոզին տարել են կենդանիների հատուկ կացարան:
ԱԴԱՄԱՆԴ՝ ԵՐՇԻԿԻ ՄԵՋ
Իժեւսկի բնակչուհին պատահաբար դարձել է թանկարժեք ոսկյա իրի սեփականատեր: Նա, կիսելով խանութից գնած երշիկը, հինգ ադամանդե քարերով մատանի է հայտնաբերել: Կինը գնահատել է տվել մատանին. այն խանութում 10.000 ռուբլի արժե: Երշիկն արտադրող գործարանում այս պատմության վերաբերյալ միայն կատակում են՝ ասելով, որ առայժմ աշխատակիցներից ոչ ոք չի տեղեկացրել մատանի կորցնելու մասին: Կինը որոշել է չվաճառել մատանին:
ԽՈՒԴՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
«ՌԴ Տամբով քաղաքում ՀՀ քաղաքացիները՝ 29-ամյա եւ 34-ամյա Խուդոյան եղբայրները, դատապարտվել են 6 տարի ազատազրկման՝ 20-ամյա աղջկան առեւանգելու համար»,-գրում է Tambov.ru-ն: Վերջինիս առեւանգել էին փետրվարին կրտսեր եղբոր հետ ամուսնացնելու նպատակով: Եղբայրները ներխուժել էին աղջկա տուն եւ բռնի կերպով տարել նրան Նիժեգորոդսկի մարզ, որտեղ աղջկան պահել էին 2 շաբաթ: Այնուհետեւ իմանալով, որ աղջկա որոնումներով զբաղվում է նաեւ ոստիկանությունը, եղբայրներն աղջկան բաց էին թողել: Աղջիկն էլ անմիջապես ոստիկանություն էր դիմել: Խուդոյան եղբայրները մեղավոր են ճանաչվել «Մարդու առեւանգում» հոդվածով: