Շատ դրական է, որ թե ցուցարարները, թե ոստիկանները փոխադարձ հարգանքի մթոնոլորտում իրականացնում են իրենց գործառույթները: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում մի քանի օր շարունակվող նստացույցին:
ԱԺ փոխնախագահի խոսքով, խնդրի միակ լուծումը բանակցություններն են, որն էլ մի քանի օր շարունակ առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կառավարությունը գործառույթ չունի Բիբինին ասել սա… Վարչապետն այսօր խոսել է այն երեք պատճառների մասին, որի մասին ասում են բոլորը: ՀՀ նախագահը երկու անգամ մեր երիտասարդներին հրավիրել է երկխոսության, նախևառաջ մեր քաղաքացիները պետք է իրենց մեջից կարողանան ընտրել լիդերներ և հանդիպեն ՀՀ նախագահի հետ: Եթե դու գնում ես մերժելու ճանապարհով, ապա դու քո պայքարը տանում ես փակուղի», – հավելեց նա:
Անդրադառնալով միջազգային լրատվամիջոցների կողմից ակցիայի լուսաբանմանը` Շարմազանովը նշեց, թե իրականությունից դուրս ռեպորտաժներ են պատրաստվում: «Թե ռուսական, թե արևմտյան լրատվամիջոցներն իրականությունից դուրս ռեպորտաժներ են պատրաստել: Եթե ռուսական լրատվամիջոցները, չգիտես ինչու, մայդան են տեսնում, որն իրականում չկա, ապա արևմտյան լրատվամիջոցները սկսել են մեր ոստիկաններին ներկայացնել որպես բռնապետներ», – նշեց նա` խորհուրդ տալով կրակի վրա յուղ չլցնել և ոչ ճիշտ տեղեկություններ չտարածել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում