Հունիսի 25-ին, ժ.12.00-ին ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերակցության աջակցությամբ մեկնարկեց սիրիահայերի՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ձեռքի աշխատանքների ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը:
Ցուցահանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը և այլք:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են ձեռագործ աշխատանքներ և հրուշակեղեն:
Ծանոթանալով սիրիահայերի աշխատանքներին ու արտադրանքին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրատվամիջոցներին տրված հարցազրույցում մասնավորապես նշեց. «Ուրախ եմ այն սիրիահայերի համար, ովքեր հեռանալով ռմբակոծվող Սիրիայից՝ որոշել են բնակություն հաստատել Հայրենիքում: Այստեղ ամեն ինչ արվում է նրանց արագ ինտեգրումն ապահովելու համար: Սիրիահայ մեր հայրենակիցներն իրենց Հայրենիքում փախստականներ չեն, ու մենք էլ փորձում ենք նման հնարավորություններ ստեղծելով՝ աստիճանաբար խթանել փոքր և միջին բիզնեսներում կայանալու նրանց ջանքերը»:
Սփյուռքի նախարարն ընդգծեց, որ սիրիահայերը շնորհաշատ են, համեստ և պատասխանատու: Արդեն 9-րդ անգամ է, ինչ կազմակերպվում է այսօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ 2-րդ անգամ: Ցուցահանդես-տոնավաճառները հնարավորություն են ընձեռում հայաստանցիներին առավել լավ ծանոթացնելու հատկապես սիրիահայ կանանց ձեռքով առանձնահատուկ համեմունքներով պատրաստված հրուշակեղենին, տղամարդկանց՝ ոսկու և արծաթի աշխատանքներին: «Բացի այդ, այսպիսի վաճառքները նյութական փոքրիկ հնարավորություն են՝ նրանց ծախսերը հոգալու համար: Համոզված եմ, որ եթե մենք կարողանանք պայմաններ ստեղծել Հայրենիքում հաստատված սիրիահայերի համար, ապա որևէ սիրիահայ ընտանիք մեկ վայրկյան չի երկմտի՝ մնա՞լ Հայրենիքում, թե՞ ոչ», – հավելեց գերատեսչության ղեկավարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց սիրիահայերի աշխատասիրությունն ու ստեղծագործ միտքը. «Սիրիահայ մանուկների ուսումնական ընթացքին հետևելու նպատակով դպրոց կատարած այցերիցս մեկի ժամանակ ինձ մոտեցավ 6-ամյա մի փոքրիկ ու լացակումաց հարցրեց, թե ինչու Հայաստանի դպրոցներում դասերը չեն սկսվում հայկական օրհներգով, ինչպես Հալեպում»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնց հետ համատեղ մի քանի տարի է, ինչ իրականացվում են սիրիահայերի օգնության բազմաթիվ սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական ծրագրեր և նշեց, սիրիահայերի ինտեգրման նպատակով կազմակերպնում է նաև նրանց շրջագայությունը Հայաստանի տեսարժան վայրեր, երեխաների ճամբարային հանգիստը և այլն: