ՀԱՐՑ. Ունեմ հողամաս Շորբուլաղ վայրում, որը գրավադրված էր բանկում: Չեմ կարողացել վճարել գրավի գումարը, ինչի հետեւանքով հողամասի նկատմամբ կատարվել է բռնագանձում: Ուզում եմ տեղեկանալ, թե որ դեպքերում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում, եւ արդյոք հնարավոր է դա անել առանց դատարան դիմելու:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել եւ իրացնել այն, եթե դա նախատեuված է գրավի պայմանագրով կամ առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն: Իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա հիմք է նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը:
Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնել իր տիրապետման տակ, ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց 2 ամիս հետո գրավառուն գրավատուի անունից կարող է իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ հաճախորդներին գրավելու համար բանկերը մշտապես դիմում են տարբեր հնարքների՝ հիմնականում թաքցնելով առաջարկվող վարկերի իրական պայմանները: Արդյունքում՝ վարկառուները դժվարանում են վճարել բարձր տոկոսադրույքով վարկերը եւ հայտնվում են ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ:
Իսկ պետական ատյաններն էլ, իրենց երկար-բարակ ձեւակերպումներով, ավելի են «խճճում» ՀՀ քաղաքացուն: