ԵԽԽՎ-Ն կապացուցեր, որ իրենք Ալիևի «կաբլուկի» տակ են. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որտեղ նշված էր, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը», հունիսի 22-ին ԵԽԽՎ նիստում քվեարկության միջոցով վերափոխվեց. զեկույցից հանվեց հակահայկական ձեւակերպումը: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է դա հաջողվել:

-Տիկի՛ն Զոհրաբյան, Ադրբեջանն այս օրերին ամեն ինչ անում էր, որպեսզի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում կիրառվի «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» ձեւակերպումը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչպե՞ս է ստացվել, որ ԵԽԽՎ պատգամավորները վերջին պահին դեմ են քվեարկել:

-Նախօրեին քննարկվում էր Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը, որի հեղինակներն էին Ադրբեջանի հայտնի լոբբիստներ Պեդրո Ագրամունտը եւ Թադեուշ Իվինսկին: Չնայած զեկույցը վերաբերում է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, ինչը նշանակում է, որ պետք է խոսք գնար բացառապես Ադրբեջանի մասին, զեկույցում մեզ համար շատ անընդունելի մի ձեւակերպում էին մտցրել, այն է. «ԵԽԽՎ-ն լիովին տեղյակ է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի 7 այլ տարածքների օկուպացիայից»: Մեր գերխնդիրն էր հասնել նրան, որ այդ ձեւակերպումը նշված զեկույցից հանվեր: Եթե նման ձեւակերպում մնար, կստացվեր, որ Եվրոպայի խորհուրդը ընդունում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի եւ 7 տարածքների օկուպացիան, եւ դա ուղղակի կնշանակեր ջախջախիչ պարտություն մեզ համար:

-Բայց կարծես թե ԵԽԽՎ պատգամավորները հակված էին, որ զեկույցում այդ ձեւակերպումը լիներ, ինչի համար իրեն հատուկ խավիարային մեթոդներով պայքարում էր նաեւ Ադրբեջանը: Ինչպե՞ս հաջողվեց մտքափոխել վեհաժողովի պատգամավորներին:

-Ադրբեջանը գործադրել էր բոլոր ջանքերը, տոմսեր էին գնվել պատգամավորների համար, որոնք ընդհանրապես Ստրասբուգ չէին գալիս այս նստաշրջանին, բոլորին բերել էին լիագումար նիստին, որպեսզի բանաձեւը քվեարկվի արդեն նշված, մեզ համար ոչ ընդունելի պարբերությամբ: Սակայն մենք կարողացանք հասնել նրան, որ թե՛ մոնիթորինգի հանձնաժողովում, որտեղ մինչեւ լիագումար նիստը քվեարկվում է բանաձեւը, եւ թե՛ արդեն լիագումարում, որտեղ վերջնական քվեարկությունն է լինում, այդ ձեւակերպումը հանվեց: Իրենք երեկ շոկի մեջ էին, ավելին` իրենք հիստերիայի մեջ էին: Անգամ Թադեուշ Իվինսկին բացահայտ գործարք էր առաջարկում ԵԽԽՎ պատգամավորներին, ասում էր՝ ինչ ուզում եք, ավելացրեք Ադրբեջանի մասին զեկույցում, ուզում եք՝ գրեք, թե Ալիեւը Եվրոպայի վերջին բռնակալն է, ուզում եք՝ գրեք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալները բանտերում լցված են, ամեն ինչի համաձայն ենք, միայն թե այս մի կետը թողեք: Բացահայտ բազար էր գնում եվրոպացի պատգամավորների հետ: Բայց պետք է ասեմ, որ առաջին անգամ ԵԽԽՎ-ում, ըստ էության, աննախադեպ բան տեղի ունեցավ. մենք կարողացանք հասնել նրան, որ նույնիսկ այն պատգամավորները, ովքեր հայտնի էին իրենց ադրբեջանամետ հայացքներով եւ ակնհայտորեն Ադրբեջանի շահերն էին պաշտպանում, այդ մարդիկ ուղղակիորեն հրաժարվեցին կատարել Ադրբեջանի պատվերը: Եւ եվրոպացի պատգամավորների քվեարկությամբ զեկույցն ընդունվեց առանց այդ ձեւակերպման:

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ` ինչո՞ւ այս անգամ եվրոպացի պատգամավորները «լսեցին» հայկական պատվիրակության «ձայնը», ի վերջո, մենք շատ դառը փորձեր ունենք, երբ արհամարհվել է ՀՀ-ի տեսակետը:

-Ի շնորհիվ եվրոպական երկրներում աշխատող մեր որոշ դեսպանների, որոնք բավականին ակտիվ կարողացան այս ընթացքում աշխատել ԵԽԽՎ պատգամավորների հետ, նաեւ սփյուռքը եւ մենք, այս եռամիասնությունը ճիշտ աշխատեց, որի շնորհիվ հասանք նրան, որ ԵԽԽՎ-ում նման բանաձեւ չընդունվեց: Պատգամավորները հասկացան, որ զեկույցը Ադրբեջանի ժողովրդավարությանն է վերաբերում, որի հետ որեւէ կապ չունի Հայաստանը կամ ԼՂՀ-ն: ԵԽԽՎ-ում հասկացան, որ եթե իրենք շարունակեն լինել Ադրբեջանի պատանդը, Եվրոպայի խորհուրդը գնալու է կործանման, իրենք վերջնականապես կապացուցեին, որ իրենք Ալիեւի կաբլուկի տակ են: Ի վերջո, իրենց մեջ զարթնեց արժանապատվությունը, հասկացան, որ իրենց ստիպում են խաղալ Ալիեւի խաղի կանոններով, ինչը իրենց մեջ առաջացրեց բնական ընդվզում, ընդ որում, առաջին անգամ նույնիսկ այն պատգամավորների մոտ, ովքեր վճարվում են Ալիեւի կողմից: Ես տեսնում էի, թե ինչպես է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը մոտենում այն պատգամավորներին, որոնց վրա ազդեցություն ունեն, ու նրանք հրաժարվում էին քվեարկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ուղղորդմամբ: Իսկ երբ քվեարկությամբ դա մերժվեց, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ընկավ բացարձակ հիստերիկայի մեջ՝ գոռալով եվրոպացի պատգամավորների վրա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս