Արդեն 6 օր տևած բողոքի զանգվածային ակցիաները մի շարք կարծրատիպեր են կոտրում. Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները ցույց տվեցին, որ առանց քաղաքական լիդերների հնարավոր է քաղաքացիական անհնազանդություն դրսևորել, իրապես հասարակությանը հուզող խնդիրներ առաջ քաշել եւ պարտադրել իշխանություններին լուծումներ գտնել:
Բայց այդ չկազմակերպվածությունն էլ իր հերթին է որոշակի խնդիրներ հարուցում:
Երեկ եւս Բաղրամյան պողոտան մարդաշատ էր: Երիտասարդներն ակտիվորեն ինքնակազմակերպվում էին, բարիկադներ էին կառուցել «Սանիտեք» ընկերության աղբամաններով, բարձրախոս էին գտել, որ իրենց խոսքը շարքերին հասու լիներ, եւ համառ պայքարի կոչեր էին անում միայն՝ խնդրելով չշեղվել հիմնական նպատակից եւ այլ կոչեր չհնչեցնել՝ բացի էլէներգիայի սակագնի կասեցման, չեղարկման մասին պահանջներից: Բանն այն է, որ ընդդիմության երիտասարդները երբեմն-երբեմն ակտիվանում էին ու սկսում բղավել «Սերժիկ, հեռացի՛ր» կամ այլ կարգախոսներ, ինչը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ճիշտ չհամարեցին:
Երեկ գիշեր եւս մի շարք պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ Բաղրամյան պողոտայում էին, որպեսզի իրենց շարած պատնեշով թույլ չտային ոստիկաններին ուժային գործողություններ կիրառել: Թեեւ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը բազմիցս հայտարարեց, որ ուժ չեն կիրառի, քանի որ հավաքը խաղաղ է:
Նկատենք, որ քաղաքական լիդերներ չունեցող մեծաթիվ երիտասարդությունն արդեն 2 օր է՝ մեծ PR հարթակ է դարձել քաղաքական մի շարք ուժերի ու գործիչների համար: Բոլորը գալիս են՝ քաջալերելու երիտասարդներին, նկարահանվում են, ուղիղ եթերով ելույթ ունենում, հերոսանում ու գնում տուն:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ պատգամավորները Արթուր Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերության օպերատորների ուղեկցությամբ են շրջում պողոտայում եւ ինքնահարցազրույցներ տալիս, ԲՀԿ-ական պատգամավորները առաջին պատահած տեսախցիկի առջեւ են կոկետություն անում, քանի որ Գագիկ Ծառուկյանի խայտառակ նահանջից հետո այդ կուսակցությունը ռեաբիլիտացիայի կարիք ունի, դաշնակցության պատգամավորներն իրենց «Երկիր մեդիա»-ով են գովազդն ապահովում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորներն ու գործիչները հասարակության ֆոնին իմաստուն հարցազրույցներ են տալիս, իսկ «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլ Փաշինյանը, որոնք գիշերել էին պողոտայում, առավոտյան անգամ մաքրություն էին անում:
Իսկ քաղաքացիների մի մեծ զանգված, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի «Ոչ թալանին» կամ այլ նախաձեռնության ու քաղկուսակցության հետ, խորը անորոշության մեջ է: Բազմաթիվ քաղաքացիներ երկու օր է՝ պողոտա են գալիս ու այսուայն կողմ հարցնում՝ ի՞նչ է լինելու, այսպես մինչեւ երբ եւ այլն: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը՝ համեմատած տարիներ առաջ հանրահավաքի եկողների հետ, էականորեն փոխվել է: Շատ քաղաքացիներ հանրահավաքի են գալիս, սուսուփուս կանգնում, երգում կամ պարում՝ համարելով, որ հենց իր ներկայությունն արդեն քաղաքացիական պարտականություն է, որը կստիպի հարց լուծել մեր երկրում:
Բայց քանի որ հանրահավաքի մասնակիցների մեջ կան նաեւ պրոֆեսիոնալ սադրիչներ, նրանք մարդկանց մղում են ագրեսիվության: Օրինակ՝ նախօրեի գիշերը շատ քաղաքացիներ պարբերաբար հարձակվում էին ոստիկանների եւ հասարակության միջեւ պատի պես կանգնած պատգամավորների վրա՝ ասելով, թե՝ ինչու եք կանգնել, մի բան ասեք, նրանց բացատրում էին, որ իրենք ոչինչ չեն ասելու, քանի որ նախաձեռնության հեղինակն իրենք չեն, այլ ընդամենը եկել են սատարելու, մեկ ուրիշը բղավում էր, թե՝ բա ուր էիք մինչեւ հիմա, երրորդը ամոթանք էր տալիս, թե ինչու են պատգամավորները մեջքով կանգնել ոստիկաններին եւ այլն: Թերեւս միակ արդարացի դժգոհությունն ուղղված էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված վանկարկումներին, որոնցով պահանջում էին ՀՀԿ-ականներին հեռանալ տարածքից:
Ու պետք է ցավով արձանագրել, որ Հայաստանում առկա քաղաքական ու տնտեսական իրավիճակն այնպիսի կացության մեջ է դրել ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, որ մարդիկ պարզապես կորցրել են Հայաստանում բարեկեցիկ ապրելու իրենց հույսն ու հավատը՝ դրա համար մեղադրելով ոչ միայն իշխանություններին: Այդ անհավատությունն այնքան է խորացել մարդկանց մեջ, որ սկսել են նաեւ իրար չվստահել: Ցուցարարները պարբերաբար իրենց շարքերում գործակալներ ու սադրիչներ են փնտրում, կռվում նրանց հետ (հաճախ տեղին, բայց հաճախ էլ՝ անմեղ մարդկանց վիրավորելով): Մի խոսքով՝ թացն ու չորը խառնվել է:
Հուսանք, որ այս շարժումը կօգնի՝ վերականգնելու հավատը, որը բռնաբարվել է տարիներ շարունակ՝ 2003-ից սկսած, երբ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքի մասնակիցներին թողնում էր փողոցում եւ գնում թեյ խմելու: 2008-ին էլ Լեւոն-Տեր Պետրոսյանը «տնային կալանքի» անվան տակ կրակի բերանում թողեց հավաքված հազարավոր քաղաքացիների: Դե, վերջին՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելու եւ մոմ վառելու Ծիծեռնակաբերդում:
Աչքի տակ ունենալով այս առաջնորդների գործած սխալները՝ թերեւս կծնվեն իրական լիդերներ, որոնք հասարակությանը կուղղորդեն դեպի հաղթանակ: Թե չէ առանց լիդեր ամեն ինչ տարերային կդառնա ինչ-որ պահի՝ հարուցելով նոր հիասթափություն:
Թամարա Միքայելյան