Գործողությունների օրակարգ մեր բնակչության և մեր մոլորակի համար. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյա տարեդարձը: Սա նաև այն տարին է, երբ երկրները կմիավորվեն, որպեսզի մեր ժողովուրդների և նրանց միակ տան՝ Երկիր մոլորակի համար ընդունեն նպատակների նոր սերունդը: 2015 թ.-ին նաև Ադիս Աբեբան կյուրընկալի «Ֆինանսավորում հանուն զարգացման» կոնֆերանսը, իսկ Փարիզում տեղի կունենա Կլիմայի վերաբերյալ կոնֆերանսը: Զարգացման հարցում համաշխարհային մոտեցման համար դա կլինի պատմական բեկումնային պահ:

Այս նոր օրակարգն անցումային հարթակ կհանդիսանա Հազարամյակի զարգացման նպատակներից (ՀԶՆ-ներ) դեպի նոր՝ Կայուն զարգացման նպատակների սերունդ, որոնց նոր ժամանակային հորիզոնը կլինի 2030 թվականը: Կայուն զարգացման նպատակները կշարունակեն ՀԶՆ-ների գործն աղքատության, գենդերային հավասարության, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի կայունության ասպարեզներում, բայց ավելի խորը, ամբողջացված և ռազմավարական եղանակով: Դրանց թվում ինը հավելյալ նպատակներ կան, որոնք թույլ են տալիս ավելի լայն շրջանակով ներառել Կայուն զարգացման օրակարգը և ընդգրկում են ավելի շատ տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են աճը, զբաղվածությունը, ենթակառուցվածքներն ու անհավասարությունը, շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ կապված ջրի, էներգետիկայի, ցամաքային ու ծովային էկոհամակարգերի հետ, և, ամենակարևորը, դրանց թվում է նպատակ՝ իր թիրախներով, որը խոստանում է ավելի խաղաղ, ավելի բարեխղճորեն կառավարվող և ներառական հասարակություն:

ՀԶՆ-ները հաջողել են քաղաքական կամքը և միջազգային զարգացման ռեսուրսները կենտրոնացնել մի շարք գերակա խնդիրների շուրջ, այդ թվում, ի լրումն աղքատության և սովի կտրուկ նվազեցման, տարրական դպրոցում համընդհանուր ներգրավվածության հասնելը՝ տղաների և աղջիկների հավասար ներկայացվածությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պանդեմիան կասեցնելը, գենդերային հավասարության խթանումը և մալարիայի, սուր աղիքային վարակիչ հիվանդությունների և ծննդաբերության հետ կապված բարդությունների հետևանքով կանխարգելելի մահերի էական նվազեցումը:

Վերջին 2 տարիներին աննախադեպ ներգրավվածության շնորհիվ հնարավոր է եղել սահմանել, թե ինչը պիտի փոխարինի ՀԶՆ-ներին 2016 թ.-ին: ՄԱԿ-ի անդամ պետությունները մանրամասն մշակել են նպատակների և թիրախների նոր շրջանակ, որը հիմնված է ՀԶՆ-ների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքի վրա, բայց նաև նախատեսում է հիմնարար վերանայումներ կատարել բոլոր տնտեսություններում և հասարակություններում:

Այս ապագա օրակարգը ձևավորելիս կառավարություններին միացել են միլիոնավոր ձայներ ամբողջ աշխարհից, այդ թվում կանայք, երեխաներ, երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տեղաբնիկներ, գործարար և արդյունաբերական ոլորտը, աշխատավորներ և արհմիություններ, ֆերմերներ, իշխանության տեղական մարմիններ, գիտական և տեխնոլոգիական համայնքներն ու քաղաքացիական հասարակությունը: Չէր կարող լինել ավելի լավ գործընթաց՝ իմաստավորելու, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, «ՄԱԿ-ի ժողովուրդների»-ի ներգրավումն իրենց սեփական ճակատագրի որոշման հարցում:

Ծայրահեղ աղքատության կիսով չափ նվազեցումը անցած 15 տարիների ընթացքում եղել է արտակարգ ձեռքբերում՝ ցանկացած չափանիշով: Սակայն աշխարհում դեռ միլիոնավոր աղքատ և խոցելի մարդիկ կան, և զարգացումը պետք է ներառի նրանց: Հետևաբար, կայուն զարգացման նպատակները հավակնում են վերացնել ծայրահեղ աղքատությունն ու սովը՝ չշրջանցելով ոչ ոքի:

Նոր նպատակները մեզ կհասցնեն 21-րդ դարի 2-րդ քառորդ: Առաջիկա 15 տարիներին ավելի շատ երկրներ դուրս կգան առավել թույլ զարգացած երկրի կարգավիճակից, իսկ միջին և բարձր եկամուտ ունեցող երկրները կշարունակեն զարգանալ և արդյունավետ ու արժանապատիվ աշխատանք ապահովել իրենց բնակչության համար:

Քանի որ աշխարհի բնակչության ավելի ու ավելի մեծ մասն է համալրում համաշխարհային միջին խավի շարքերը, մեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բազայի նկատմամբ պահանջարկը նույնպես կշարունակի աճել: Արդեն իսկ մեր ամենամյա սպառման ծավալը մեկուկես անգամ գերազանցում է Երկրի ինքնավերականգնման տարեկան կարողությունը: Մենք քամում ենք թանկարժեք բնական կապիտալը սոսկ այն բանի համար, որ ապրենք այնպես, ինչպես ապրում ենք: Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ այնպիսի լուրջ վտանգ է հանդիսանում, որը, չզսպվելու դեպքում, սպառնում է ոչնչացնել աղքատների կենսաապահովման միջոցները և վատթարացնել պարենային անապահովությունը աշխարհի որոշ առավել խիտ բնակեցված տարածաշրջաններում:

Որպեսզի Երկրի բոլոր բնակիչները կարողանան ունենալ արժանապատիվ կենսամակարդակ, հարկ կլինի, որ ամենուր հարուստներն անցնեն սպառման, իսկ արտադրողները՝ արտադրության շատ ավելի կայուն մոդելների: Այսպիսով, ապագա օրակարգն ու նպատակները համամարդկային են և կոչ են անում, որ յուրաքանչյուրն անի իր հասանելիքը, սկսելով զարգացած աշխարհից, որպեսզի փոքրանա շրջակա միջավայրի վրա մեր թողած հետքը, ստեղծվի «գործունեության անվտանգ տարածք», որտեղ կբարգավաճեն բոլոր երկրները: Մոլորակի պաշարներն անսահման չեն, և մեր կլիմայական համակարգը, օվկիանոսները, հողն ու մթնոլորտը պետք է պահպանվեն, վերականգնվեն և անվտանգություն ձեռք բերեն: Հուսով ենք, որ դեկտեմբերին Փարիզում նշանակալի և իմաստալից արդյունք կլինի, որը կամրապնդի կլիմայի փոփոխությունը մեղմելուն և դրան հարմարվելուն ուղղված համաշխարհային ջանքերը:

Շատերին է անհանգստացնում նոր հավակնոտ նպատակներին անցման գումարային արտահայտությունը: Բայց այս օրակարգը չի ենթադրում սոսկ օգնություն և արտոնյալ վարկային հոսքեր՝ ուղղված զարգացող երկրներին: Դրա առանցքում ավելի շատ բոլոր հասարակություններում և տնտեսություններում հիմնարար վերափոխումներ կատարելն է: Ռեսուրսները պետք է ստեղծվեն և ծախսվեն գլխավորապես հենց երկրներում: Տնտեսական գործունեություն ծավալող բոլոր կարևոր դերակատարները՝ կառավարությունները, գործարար հատվածը, բանկային, ապահովագրական, ֆինանսական հաստատությունները, միջնորդները, առևտրային համակարգը, պետք է կայունության խթանման գործոն լինեն: Ադիս Աբեբայում հուլիսի 27-ին կայանալիք «Ֆինանսավորում հանուն զարգացման» կոնֆերանսը կարևոր ուղենիշ կլինի նոր կայուն զարգացման նպատակների իրականացման ֆինանսավորման ճանապարհին:

Եկեք հավաստիանանք, որ անդառնալիորեն չենք վնասում մեր բնակչությանը և մեր մոլորակը: Պատմությունը տվել է մեզ այս հնարավորությունը, եկեք չկորցնե՛նք այն:




Լրահոս