Հայաստանյան էլիտայի մշտական քեֆ-ուրախության «Օջախ» ռեստորանը մարդկանց անհանգստացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի խմբագրություն զանգահարած Կոտայքի մարզի Բալահովիտ և Վերին Պտղնի համայնքների բնակիչները հայտնեցին, որ այսօր գիշերը` մինչև 01:30-ն ընկած ժամանակահատվածը, գյուղերում լարված և անհանգիստ վիճակ է եղել: Մեր զրուցակիցների խոսքով, երկու գյուղերի արանքում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում գիշերը երաժշտությունն այնքան բարձր է եղել, որ անգամ գյուղերի ծայրամասային հատվածներում է լսվել:

Ահազանգած բնակիչները մասնավորապես բողոքում են այն հանգամանքից, որ այդ վիճակը տիրել է օրենքով սահմանված ժամից դուրս: Բնակիչների խոսքով, սովորաբար աղմուկ ռեստորանային համալիրից երեկոյան ժամերի լինում է, սակայն նման երկար տևողությամբ դեռևս չեն հիշում: Նրանք մտահոգ են, որ չբարձրաձայնելու դեպքում այս երևույթը սովորական կարող է դառնալ:

Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց «Օջախ» ռեստորանային համալիրի պատասխանատու աշխատակիցներից մեկի` Տիգրանի հետ, ով կտրականապես հերքեց բնակիչների խոսքերը. «Մենք, որպես կանոն, աշխատում ենք մինչև երեկոյան 12-ը, և մինչև այդ ժամն էլ երաժշտություն է լինում: Երեկ երեկոյան 10-ին ես եմ փակել դուռը, և ինձնից հետո որևէ մեկը սրահը չի բացում: Չեմ պատկերացնում` ինչու են բնակիչները նման բան ասել»:

Ստացվում է` հայաստանյան էլիտայի, գրեթե բոլոր բաձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուստների մշտական այցելության վայր համարվող «Օջախ» ռեստորանային համալիրից ստացված պարզաբանումն ու բնակիչների անհանգստության պատճառ դարձած իրողությունը հակասում են իրար: Մնում է հուսալ` հետագայում նման դեպքեր չեն գրանցվի:




Լրահոս