Հովիկ Աբրահամյանի փաստարկները՝ էլ. էներգիայի թանկացման վերաբերյալ որևէ քննադատության չեն դիմանում. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստարկները՝ էլ. էներգիայի թանկացման վերաբերյալ որեւէ քննադատության չեն դիմանում:

Այդ նույն փաստարկներով էլեկտրական հոսանքը արդեն իսկ թանկացել է 2013 եւ 2014 թվականներին, եւ այդ գործոնների փոխհատուցումը ներառված է 2014-ին սահմանված սակագնի մեջ:

Անցած մեկ տարում հայաստանցի սպառողը արդեն իսկ այդ գործոնների փոխհատուցման համար վճարել է 14 միլիարդ դրամ: 2014-ին սահմանված սակագնի պահպանման դեպքում այդ փոխհատուցումը կշարունակվի:

Ինչ վերաբերվում է ՀՀ անապահով քաղաքացիների սոցիալական նպաստը 2000 դրամով բարձրացնելու կառավարման որոշմանը՝ այն հիմնավորմամբ, թե սոցիալապես անապահով ընտանիքները հենց այդ չափով են էլ. էներգիայի հավելյալ վճարումներ անելու, սա նույնպես քննադատության չդիմացող մոտեցում է:

Իսկ ապրանքների ու ծառայությունների համատարած գնաճը ո՞վ է փոխհատուցելու սոցիալապես անապահով ընտանիքներին, եւ որտեղի՞ց են նրանք փոխհատուցելու այդ հավելյալ գնաճը: Կառավարությունն այս հարցի պատասխանը չունի:

Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ էլ. էներգիան թանկանում է միայն այն պատճառով, որ միլիարդների շահույթ ստացող ՀԷՑ-ի հաշիվներում փող չկա, որ վերջինս վճարի իր գնած եւ սպառողներին մատակարարած հոսանքի համար՝ 23.6 միլիարդ դրամ: Մինչդեռ սպառողները վճարել են ամբողջությամբ: Ընդ որում վճարել են բուն հոսանքի գինը, գումարած ՀԷՑ-ի շահույթը, գումարած Հովիկ Աբրահամյանի գործոնների փոխհատուցումը:

Իսկ ինչու՞ ՀԷՑ-ը 23.6 միլիարդ դրամ չունի: Որովհետեւ թալանվել է, այդ թվում ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ ՀԷՑ-ի կառավարիչների մասնակցությամբ: Իշխանության ներկայացուցիչները պատեհ-անպատեհ գումարներ են խնդրել իրենց անձնական պռոյեկտների համար, իսկ ՀԷՑ-ի կառավարիչները ճոխություններ ու ատկատներ են իրականացնել:

Լուծումը ուրեմն մեկն է. ՀՀ իշխանությունները եւ ՀԷՑ-ի կառավարիչները թող վերադարձնեն այն 23.6 միլիարդ դրամը, որ այսօր պիտի լիներ (սպառողները պարտաճանաչորեն վճարել են), բայց չկա:




Լրահոս