Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Մինչ ֆորումի բացումը՝ Հովհաննես Մանուկյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի հիշատակը:
ՀՀ արդարադատության նախարարն այս ֆորումը կարևորել է մի քանի տեսանկյունից՝ նախ, որ սա իրավական առաջին հավաքն է և հավակնություն ունի դառնալու մշտական՝ ընդգրկելով այլ երկրների ներկայացուցիչներին, և որ քննարկվելիք թեմաները շատ կարևոր են ու արդիական՝ հատկապես դատաիրավական բարեփոխումների առումով: Նախարարն ընդգծել է նաև նման ձևաչափի միջոցառումների կարևորությունը երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Տեա Ծուլուկիանիին Վրաստանում հայերի կեցության խնդիրների հարցում ցուցաբերած գործուն ջանքերի համար:
Վրաստանի արդարադատության նախարարը, ողջունելով ներկաներին, կարևորել է Հայաստանի հետ համագործակցության նման հարթակը և նշել, որ ֆորումի գաղափարը ծնվել է Թբիլիսիում՝ ՀՀ արդարադատության նախարարի վերջին այցի ընթացքում: Անդրադառնալով այս տարվա մարտին Թբիլիսիում երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև ստորագրված հուշագրին՝ նա նշել է, որ համատեղ աշխատանքներ են տարվելու նոտարիատի, ՔԿԱԳ-ի և մի շարք այլ ոլորտներում:
Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ջերմ ընդունելության և միջոցառման կազմակերպման համար և նշել, որ պրոբացիայի ծառայության ներդրման հարցում ունեցած իրենց փորձը մանրամասն ներկայացվելու է ֆորումի մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ Վրաստանն այս ոլորտում իրական առաջընթաց է գրանցել.անցյալ տարի հիմնադրվել է Ազատության սահմանափակման գերատեսչություն, որը միակն է տարածաշրջանում և կենտրոնացած է դատապարտյալների վերաինտեգրման հիմնահարցերի վրա: Նրա խոսքով՝ ազատության սահմանափակման վայրերում բացվել են աշխատատեղեր պատիժը կրող անձանց համար, վերացվել է ազատազրկված անձանց նկատմամբ խոշտանգումների խնդիրը, բարելավվել է նրանց կենսապայմանները: Հատուկ ուշադրություն է դարձվում քրեակատարողական հիմնարկից դուրս պատիժների կիրառմանը:
Նախարարները կարևորել են ֆորումում քննարկվելիք հարցերը՝ կոռուպցիայի դեմ պայքար, բաց կառավարում, հավասարակշռված քրեակատարողական քաղաքականություն՝ առանց որոնց անհնար է մեր երկրներում հասնել ժողովրդավարական կոնսոլիդացիայի: Նրանք միակարծիք են՝ վերոնշյալ ոլորտների բարեփոխումը կզարգացնի ինստիտուցիոնալ ժողովրդավարության կառուցումը:
Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումի ընթացքում քննարկվել են Հայաստանում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների, ակտիվների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի, քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքների բարեփոխումների, առկա խնդիրների ու հեռանկարային զարգացումների, ինչպես նաև CPT չափանիշների վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ նախքան ֆորումի սկսելը Վրաստանի պատվիրակությունը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն