Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում խոսել է լրագրողական պատասխանատվության և էթիկայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում՝ «Մեդիայի պատախանատվությունը և էթիկան մեդիայի փոփոխվող միջավայրում» զեկույցի շուրջ: Նա անդրադարձել է ՄԻԵԴ մեծ պալատի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործին: Ելույթը ներկայացնում ենք ստորև:

«Ազատ մամուլը և անկախ լրագրությունը միշտ եղել են ժողովրդավարության հիմնաքարը և, լինելով հասարակության ձայնը, իրենց առաքելությունը կատարելու համար միշտ օժտված են եղել արտոնություններով: Համացանցի և տեխնոլոգիաների զարգացմամբ, մամուլի վերաբերյալ պատկերացումը փոխվել է, դարձել է ավելի լայն և ընդգրկում է ոչ միայն ավանդական մամուլը, այլև առցանց լրագրությունը, բլոգոլորտը և սոցիալական մեդիան: Համացանցը դարձել է ձայն հնչեցնելու, հոդվածներ տեղադրելու, այլոց քննարկումների հրավիրելու և կարծիք արտահայտելու նոր հարթակ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատ բլոգերների համար: Սա, ընդհանուր առմամբ, ընդլայնում է ինչպես մամուլի ապագա զարգացման հնարավորությունների շրջանակը, այնպես էլ թվային մամուլի ներկայացուցիչների պարտավորությունները և պատասխանատվությունը:

Համացանցի առանձնահատկությունների շնորհիվ, թվային մամուլը դարձել է ավելի ինտերակտիվ՝ նվազեցնելով սովորական ընթերցողի և լրատվամիջոցի մեջ առկա անջրպետը: Չնայած դրական կողմերիի առկայությանը՝ համացանցում տեդադրված հոդվածի անմիջական ազդեցությունը և ակնթարթային հետևանքներ հնարավոր չեն ամբողջությամբ չեղարկել: Ժամանակակից լրագրության մյուս առանձնահատկությունը արագությունն է, առավել շատ դիտումներ ստանալու համար լուրերը հրապարակվում են առանց խմբագրական ստուգման և հաստատման, արդյունքում զոհ են գնում լրագրողական էթիկայի և ավանդական լրագրության այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հավաստիությունը և թափանցիկությունը:

Ներկայիս լրագրության առանձնահատկությունները, լուրերի առցանց տարածման և լրատամիջոցների գործունեության կարգավորման անհրաժեշտությունը հանգեցրել են լրատվամիջոցի՝ իր կայքում տեղադրված հոդվածների և մեկաբանությունների համար պատասխանատվության ընդլայնմանը:

Վերջերս կայացված ամենակարևոր որոշումը, որը հստակություն մտցրեց մամուլի պատասխանատվության վերաբերյալ շարունակական բանավեճերին, թերևս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի ‹‹Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով որոշումն է, որով, հաշվի առնելով զարգացած և հայտնի լրատվամիջոցի հնարավորությունները, դրա կողմից օգտագործվող ընթացակարգերը, կայքի առևտրային բնույթը, ինչպես նաև կայքի բովանդակության նկատմամբ գործուն դերակատարումը, ակնհայտ անընդունելի մեկնաբանությունների, այդ թվում՝ ատելություն պարունակող խոսքի, ավտոմատ հեռացման ընթացակարգի ոչ արդյունավետությունը , դատարանը լրատվամիջոցին պատասխանատու ճանաչեց օգտատերերի՝ կայքում տեղադրված հոդվածների տակ կատարված մեկնաբանությունների համար:

Սա խիստ կարևոր որոշում է առցանց լրատվական միջոցների համար, որը կոչ է անում վերակազմակերպել խմբագրման ընթացակարգը՝ խոսքի ազատության և զրպարտության ու վիրավորանքի միջև հավասարակշռություն պահպանելու համար:
Ինչպես այս ոլորտում վերոգրյալ վերջին զարգացումները, այնպես էլ լրատվամիջոցի՝ համացանցում գործելու դժվարություները և ռիսկերը, զեկույցում նշված էթիկայի չափորոշիչները հույժ կարևոր են լրագրության ինքնակարգավորման համար և, հուսանք, կօգնեն թվային մամուլին պահպանել հավասարակշռություն տեղեկատվության անկախության, ազատ հոսքի, կարծիքների փոխնակման և մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև:
Լուրերը և ժամանցային մամուլը մեր օրերում պահանջում են էթիկայի այնպիսի նոր չափորոշիչների զարգացում և ընդունում, որոնք հիմնված կլինեն փոփոխվող միջավայրի և թվային ժամանակաշրջանի ու համացանցի առանձնահատկությունների վրա:

Ես կարևոր եմ համարում ընդգծել, որ, չնայած համացանցը ստեղծում է տեղեկատվության ազատ հոսքի համար բազմաթիվ հնարավորություններ, օֆֆ-լայն(ցանցից դուրս) օրենսդրությունը հավասարպես վերաբերում է և´ տպագիր մամուլին, և´ համացանցային մամուլին՝ այդ հարթակի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Այսպիսով, նոր իրականությանը համապատասխանող էթիկայի չափորոշիչների ընդունումը և դրանց պահպանումը վերահսկող ինքնակարգավորվող մարմինների ստեղծումը նոր մեդիայի զարգացման խթանը և թվային ժամանաշրջանին համահունչ գործունեության նախադրյալն են»:




Լրահոս