ՄԵԾ ՄԱՅՐԻԿ՝ ՌՈԶԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազդարար” ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, որն առաջինը հայտարարեց, որ առաջադրվելու է ՀՀ նախագահի ընտրություններում, “Ժողովուրդե-ի հետ զրույցում ասաց, թե իր համար խնդիր չէ նախագահական ընտրություններում պահանջված գումարը տալ: Այսօր շատ հեշտ է 8 միլիոն գրավը մուծել:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք “Ազդարար” ամսագրի խմբագիրն եք, որն ընդհատումներով է տպագրվում: Այսինքն՝ ֆինանսավորման խնդիր ունեք: Ինչպե՞ս եք վճարելու ՀՀ նախագահի թեկնածուի համար պահանջվելիք 8 մլն գրավը:
-Այո՛, ֆինանսական խնդիրներից է, որ ամսագիրն ընդհատումներով է տպագրվում, ինչ ես հայտարարել եմ, որ նախագահական ընտրություններում թեկնածությունս առաջադրելու եմ, ֆինանսավորողները ձեռ են քաշել, չգիտեմ՝ ինչ է կատարվում: Ես էլ հիմա զբաղված եմ նախագահական ընտրություններով:
-Այսինքն՝ մարդիկ վախեցել են, որ ուզում եք նախագահ դառնալ, դրա համար էլ հրաժարվե՞լ են Ձեզ հետ աշխատել:
-Չգիտեմ՝ սպասողական վիճակ է, ինչ է: Երեւի ուզում են տեսնեն՝ ինչ է, ո՞ւմ հետ եմ, ինչ եմ անում:
-Եւ ո՞ւմ հետ եք:
-Ես էլ ոչ մեկի հետ չեմ, միայնակ եմ, ազգայնական տղաների հետ եմ: Ես ոչ մի կուսակցության, ոչ մի խմբավորման հետ չեմ լինելու եւ միայնակ եմ առաջադրվելու, ովքեր նժդեհական, ցեղակրոն գաղափարներ, հեթանոսություն եւ իսկական պատմություն են առաջ տանում:
-Իսկ փող որտեղի՞ց:
-Գրավ մուծելը մեր օրերում ավելի հեշտ է, քան որեւէ մեկից պարտքով գումար ուզելը: Կան քաղաքական շահեր, մոտեցումներ, որոնք առաջին պլան են մղվում: Ի դեպ, նախագահական ընտրությունները տեղի են ունենալու իմ ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին: Ես մի նպատակ եմ իմ առաջ դրել՝ օգնել երկրին իր կառուցման մեջ ավելի ամրապինդ, ավելի հայկական դառնալու համար: Չգնա եվրոպականացում, ամերիկանացում, մենք ավելի շատ արեւելյան երկիր ենք: Պետք է բոլորն ասեն՝ նայե՛ք, հայերն արեւի որդիներ են, միահամուռ ու ազգային են:
-Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը հայտարարել է, թե ինքը կարող է թեկնածուներին օգնել գրավը մուծելու հարցում: Չե՞ք դիմել նրան:
-Ես իրենից տեղյակ եմ, գիտեմ, որ շատ հետաքրքիր անձնավորություն է, բայց ես չեմ հասցրել նրա հետ ծանոթանալ: Կփափագեի նրա հետ ծանոթանալ, եւ հաստատ մենք կբարեկամանայինք: Ուղղակի հեռվից հեռու շատ սիրեցի ու հարգեցի այդ անձին: Ես չեմ լսել, որ նա նման բան է ասել, Դուք Սեդրակյանի համարն ունե՞ք, տվե՛ք, հենց հիմա իր հետ խոսեմ (մենք փոխանցեցինք Վարդան Սեդրակյանի հեռախոսահամարը-Ս. Գ.):
-Ասացիք, որ նժդեհական, ցեղակրոն գաղափարներն եք առաջ տանելու: Չէ՞ որ նույն ՀՀԿ-ականներն էլ են նժդեհականներ: Ինչո՞ւ չեք համագործակցում նրանց հետ: 
-Կարող է համագործակցեմ: Իսկապես, նրանք էլ նժդեհական են, բայց հիմա ՀՀԿ-ն իշխանության գլուխն է, իսկ ես իշխանակողմ, իշխանամետ չեմ եւ ոչ էլ իշխանադեմ եմ: Ես կենտրոնական, պահպանողական, ազգայնական թեւ եմ ուզում բացել, նոր քաղաքական ոճ: ՀՀԿ-ն արդեն ունի իր կողմից հստակ որոշված թեկնածուն:
-Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եք հանդիպել, նա Ձեզ ասել է, որ կֆինանսավորի, ինչքան պետք է, միայն թե առաջադրվեք, որպեսզի ազգայնական թեւին Ձեր կողմը “քաշեք”:
-Չէ՛, չեմ հանդիպել, Հովիկ Արգամիչը մեր լավագույն հայրենակիցն է, ես նրա հետ մեկ էլ հանդիպել եմ երեւի մի 7-8 տարի առաջ: Ես կուզեմ իր հետ հանդիպել, բայց չէ՛, չեմ հանդիպել:
-Տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ-ական Մուշեղ Լալայանի հետ եք հանդիպում ունեցել եւ կոնսուլտացիաներ եք անցկացրել, թե ինչպես Ձեզ դրսեւորեք ընտրությունների ժամանակ: 
-Մուշեղ Լալայանի հետ ես հանդիպել եմ այն առումով, որ նա մտնում է “Հայրենիք” ակումբի մեջ, իսկ “Հայրենիք” ակումբը փայլուն ձեւով տանում է ազգայնական գաղափարախոսությունը: Իսկ Գալուստ Սահակյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել:
-Լավ, ի վերջո, հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, Ձեր ամսագրի հովանավորներից մեկն է, եթե Գ. Ծառուկյանը որոշի իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ինչպե՞ս եք պայքարելու Ռոզա Ծառուկյանի որդու դեմ:
-Նա մեր մեծ մայրիկն է՝ ամսագրի, Ռոզա Լեոնովնան՝ մեծ մայրիկը, որին սրբորեն հարգում ենք եւ նախանցյալ տարի տվել ենք մրցանակ՝ մեզ օգնելու համար: Նա ասել է, որ ամեն ձեւով ձեզ հետ կաշխատեմ, բացի քաղաքականությունից: Մենք իրեն ընդունում  ենք որպես գործարար կին եւ շատ լավ անձնավորություն: Գիտե՞ք՝ նա ինչ մեծ քրտինքով մեղր ու կարտոֆիլ է արտադրում:
Հ. Գ. Մ. Սարգսյանի հետ զրույցից տպավորություն ստեղծվեց, որ լինելու է ՀՀԿ-ի կողմից ուղղորդվող նախագահի թեկնածուն: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հո միայն էպոսագետի նկատմամբ հաղթանակ տանելո՞վ չպետք է ՀՀ նախագահ դառնա: 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս