Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1971 թ. ծնված Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի եւ որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում հիշյալ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել է պարզել նրա ինքնությունը: Վերջինս փորձել է փախուստի դիմել, սակայն Սամվել Ս.-ն մուտքի դռան դիմաց բռնելով նրան՝ վայր է գցել գետնին:
Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է իրեն եւ հրազենից կրակոցներ արձակել իր ուղղությամբ՝ կրծքավանդակի աջ կեսի, որովայնի եւ աջ բազկի մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ, ինչից հետո դիմել են փախուստի:
Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 6,35 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: