«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում մինչեւ երեկ չէր հնչել ոչ մի պաշտոնական տեսակետ, այն է՝ ՀՀ իշխանություններն արդյոք կընդառաջե՞ն Հայաստանի հանրությանը եւ կհրաժարվեն թանկացումներից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել էլէներգիայի սակագները բարձրացնելու մտադրությունից: Ավելին՝ իրենք մտադիր են 2000 դրամով փոխհատուցել անապահով խավին եւ վերջ: Բայց ցուցարարներին այդ լուծումը չի բավարարում, եւ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը շարունակում է օր օրի ավելի մեծ թափ հավաքել: Նստացույցի մասնակիցների համար երեկ անգամ եղանակն էր փորձություն նախապատրաստել: Օրվա երկրորդ կեսից մայրաքաղաքում սկսեց հորդառատ անձրեւ տեղալ: Սակայն դրանից հետո ցուցարարների թիվը ոչ թե պակասեց, այլ հակառակը՝ գնալով ավելանում էր: Նրանք պահանջում են ՀԾԿՀ-ի կայացրած որոշման չեղարկումը եւ չեն նահանջելու:
Իսկապես փակուղային իրավիճակ է: Նույնիսկ ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ «պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ՝ անկախ Կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումից»: Սա նշանակում է, որ իշխանություններն իրավիճակից դուրս գալու ելք չունեն: Իսկ նման դեպքում նրանց մեկ բան է մնում՝ հրաժարական տալ (ինչպես Հունաստանում)՝ տեղը զիջելով այն կարող ուժերին, որոնք լուծումներ կգտնեն: Յոլլա տանելու հոգեբանությունը ինչքա՞ն կարող է գերակշռել իշխող բուրգում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: