Երկու նոտարների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղարշապատ եւ Կոտայք նոտարական տարածքների նոտարներ Ավետ Ալեքյանի եւ Նունե Մանուչարյանի նկատմամբ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով՝ հարուցվելու են կարգապահական վարույթներ:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ավետ Ալեքյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են ընդունվել քաղաքացի Լիդա Հակոբյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված՝ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ավետ Ալեքյանի կողմից տրված անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագրի հետ կապված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումում բարձրացված հարցերը, դրանց հիման վրա ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքում ներկայացված տեղեկանքը, ինչպես նաեւ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի զեկուցագիրը:
Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթի համար հիմք են հանդիսացել 01.09.2011-01.09.2012 թթ. ժամանակահատվածում նոտարական գործողությունների օրինականության ստուգման արդյունքներով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ներկայացված տեղեկանքը, ինչպես նաեւ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի զեկուցագիրը:




Լրահոս