Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա շրջեց տարածքով և զրուցեց ցուցարարների հետ: Մինչ այդ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ աղբահավաքություն իրականացնող ընկերությունը հրաժարվում է մուտք գործել տարածք և խնդրել էր աղբը տանել Մոսկովյան փողոց:
Արդեն Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցում ակտիվիստները նշեցին, որ կարող են ապահովել մեքենայի անվտանգությունը և աղբի մեծ ծավալների պատճառով խնդրեցին գալ այստեղից տանել: Նա այնուհետև շրջեց տարածքով:
«Մեր երիտասարդությունով պետք է ոչ միայն պարծենանք, այլ տանք այն լավը, որն ունենք: Սակայն դատարկ պարծենանքը լավ չէ: Մեր երիտասարդները փորձ չունեն և մոտենում են միայն ժխտողականությամբ: Պետք է երկխոսել, եթե դու ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա: Մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի և զորբայության մեջ, այլ՝ իմաստության», – նշեց նա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ցուցարարները պատրաստ են հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միայն ուղիղ եթերի պահանջի դեպքում, ոստիկանապետը նշեց, թե երկրի նախագահին պահանջներ չեն դնում: «Մենք ծառա չենք , մենք ծառայում ենք, վայ նրան , ով մեզ նոքարի տեղ կդնի»- հավելեց նա: