Չնայած կլառնետիստ ԵՂԻՇԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ մասնագիտական կրթություն չունի, սակայն այսօր նա համարվում է ամենամեծ պահանջարկ ունեցող երաժիշտներից մեկը: Շրջագայում ու համագործակցում է համարյա թե բոլոր հայ աստղերի հետ` Թաթա, Արման Հովհաննիսյան, Ռազմիկ Ամյան, Սոֆի Մխեյան, Սիլվա Հակոբյան, Նարեկ Բավեյան…
Եղիշեն պատմեց, որ կլառնետ նվագել սովորել է ինքնուրույն, իսկ թե ինչպես է դա եղել, կիմանաք՝ ընթերցելով հարցազրույցը:
-Մի օր արթնացա ու որոշեցի` ես էլ պետք է նվագեմ: Հայրս սիրողական մակարդակի երաժիշտ էր, դուդուկ էր նվագում, ես էլ նայեցի նրան ու կարծես վարակվեցի:
-Քանի՞ տարեկանից եք սկսել Ձեր գործունեությունը:
-16-17: Սկզբում հարսանիքներ, քեֆեր… դպրոցական էի ու հիշում եմ, որ դուրս էլ չէի իջնում խաղալու, ամբողջ օրը տունը փակված՝ պարապում էի: Նպատակ էի դրել, ուզում էի սովորել նվագել: Օրվա մեծ մասը կլառնետը ձեռքս էր, նույնիսկ բաղնիք գործիքով էի մտնում: Իմ կասետներով եմ սովորել, մի հատ հին մագ ունեինք, հետ-առաջ էի տալիս, լսում, հետո նվագում լսածս: Կլառնետ նվագել սովորել եմ ինքնուրույն:
-Իսկ ինչո՞ւ չընդունվեցիք Կոնսերվատորիա:
-Մի պահ ուզում էի, բայց հետո սկսեցի փողի հետեւից ընկնել, էլ սովորելու ժամանակ չկար:
–Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին հոնորարի չափը:
-Կոնկրետ չեմ հիշի, բայց ռուբլով էր ու շատ, այդ պահին էլ փողերը փոխվում էին: Ա՛յ հիմա չեմ հիշում՝ ոնց եմ ծախսել, բայց շատ էի ոգեւորվել: Հարսանիք էի նվագել:
-Հիմա ո՞ր ռեստորանում եք աշխատում:
-Մի 10 տարի է, ինչ “Ուրարտու” ռեստորանում եմ աշխատում, բայց օրեր են լինում, երբ կանչում են այլ ռեստորաններ, գնում նվագում եմ:
-Ամենից շատ ի՞նչ երգեր են պատվիրում խնջույքներին:
-Ասում են՝ Եղի՛շ ջան, էն քո լավ գործերից, եթե անունն էլ չհիշեն, ինձ մոտավոր ասում են, ես անմիջապես հասկանում եմ՝ ինչ են ուզում:
-Իսկ արտերկրից հրավերքներ շա՞տ են լինում:
-Շատ, մի ամիս առաջ էլ Ամերիկայում էի, լավ ման եկանք, աշխատեցինք, հետ եկանք:
-Ճի՞շտ է, որ դրսում ավելի շատ գումար եք վաստակում:
-Ես այստեղ էլ եմ աշխատում, դրսում էլ, դժգոհ չեմ իմ վաստակից: Ես չեմ հաշվում՝ ինչքան եմ վաստակում. այնքան մեծ ընտանիք ունեմ` ծնողներս, եկրու երեխաներս, եղբայրս իր ընտանիքով, բոլորս միասին ենք ապրում, որ չեմ հասցնում հաշվել:
–Դրսում աշխատելու առաջարկ չկա՞:
-Կա, շատ են եղել: Ամերիկայից էլ ունեմ, Դուբայից էլ, պահում էին, բայց ես հետ եկա: Ամենաշատը 20 օր եմ կարողանում դրսում մնալ, հետո ուզում եմ վերադառնալ: Ինչքան գումար ու պայմաններ էլ տան, դրսում ապրել չեմ կարող, ես իմ հողին կապված եմ: Ապարանցի տղա եմ, ինձ էլ հայրենասեր եմ համարում:
-Սովորաբար երբ դիմում են ինչ-որ մեկին, նախoրոք պարզում են նրա հոնորարի չափը:
-Ինձ մոտ ստաբիլ ու ստանդարտ գին չկա: Դե հա, մոտավոր կա, բայց ես իմ ընկերների ու հարազատների համար անվճար եմ նվագում:
-Լսել եմ, որ թանկ վարձատրվող երաժիշտ եք: Ամեն մեկը կարո՞ղ է հրավիրել Ձեզ իր խնջույքին:
-Ցանկացած թանկ վճարող մարդ կարող է (ծիծաղում է-Ե. Ռ.):
–Ճի՞շտ է, որ Մոսկվայում մեծահարուստներից մեկը Ձեզ ոսկեզօծ կլառնետ է նվիրել:
-Ոչ թե ոսկեզօծ կլառնետ եմ ստացել, այլ սովորական կլառնետ, որի վրա կպցրած է եղել ոսկուց փոքր կլառնետ:
–Որպես քաղաքացի՝ ինչի՞ պակաս ունեք:
-Ոչ մի բանի, ծնողներս կողքիս են, ախպեր, քույր ունեմ, ընտանիք, էրեխեք, ինձ ոչ մի ուրիշ բան պետք չէ, իմ գործը թող լինի, այլ ճոխություններ չեմ ուզում:
-Քաղաքականությանը հետեւո՞ւմ եք:
-Հա՛, բա ո՞նց, բայց չեմ խորանում, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Կողքից եմ հետեւում:
-Ամենաաներեւակայելի հրավերը, որ երբեւէ ունեցել եք:
-Դուբայում՝ անապատում, հայի հարսանիք եմ նվագել՝ ավազի վրա ուղտերով, ձիերով շրջապատված: Հարսն ու փեսան էլ Հայաստանից էին:
-Մի քիչ Ձեր ընտանիքից պատմե՛ք, քանի՞ տարեկան են Ձեր երեխաները:
-Տղաս 11 տարեկան է, աղջիկս` 9-ը:
-Ձեր որդուն չե՞ք սովորեցնում կլառնետ նվագել:
-Չեմ ուզում, թող ինքն ուրիշ մասնագիտություն ընտրի: Եթե իր ցանկությամբ կընտրի, թող դառնա երաժիշտ, բայց ես նրան չեմ ստիպի:
-Դուք գո՞հ չեք Ձեր ընտրած մասնագիտությունից:
-Շատ եմ սիրում իմ գործը: Չեմ էլ պատկերացնում ինձ այլ ոլորտում:
-Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Գնում ենք մեր ամառանոցը` Ապարանի, Քուչակ գյուղ, էնտեղ տուն ունենք, հողամաս, ծառեր:
-Ի՞նչ եք ուզում ունենալ, որ չունեք:
-Մի տարուց պատրաստվում ենք մի տղա էլ ունենալ, պլանավորել ենք, ամենակարեւորը դա է: 2 ամսից էլ կունենամ նոր ձայնասկավառակ, օր ու գիշեր ձայնագրվում եմ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ