Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի գների բարձրացման ուրբաթ օրվանից չդադարող բողոքի ցույցերը շարունակվել են հորդառատ անձրևի ու 30-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, գրում է РБК-ն:
Կայքն ընդգծում է, որ ցուցարարները նախկինի նման քաղաքական կոչեր չեն հնչեցնում, սակայն НТВ լրագրողին ուղիղ հեռարձակման ժամանակ մի քանի երիտասարդներ դիմավորել են «Ասեք ճշմարտությունը» ու «Ռուսական քարոզչություն» գրություններով:
Մարդիկ կատարվածը չեն կապում Ռուսաստանի հետ, բացատրում է РБК-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, դեռևս սա հայ ժողովրդի պայքարն է սեփական կառավարության որոշման դեմ: Սակայն եթե սկսենք ուսումնասիրել այդ խնդրի արմատները, պարզվում է, որ դրանք ընկած են ռուսական կորպորացիայի՝ «Հայաստանի էլցանցերի» գործողությունների հիմքում: Եթե իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես դրանք զարգանում են հիմա, մարդիկ կսկսեն վերլուծել ռուսական կողմի գործողությունները, այդ իսկ պատճառով էլ հակամարտությունը ձեռնտու չէ ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև ռուսական կողմին, ասում է Գրիգորյանը:
ՀՀ իշխանություններին, նշել է փորձագետը, դժվար է պայքարել երիտասարդության հետ, որի դիրքորոշումը չափազանց տրամաբանական է. նրանք պահանջում են չեղյալ հայտարարել ոչ թափանցիկ ընդունված որոշումն ու ցանկանում են ապրել իրավական պետությունում: Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ելք կգտնեն ստեղծված իրավիճակից, հնարավոր է, սառեցնելով գների բարձրացումը: