Ինչու է մասնավորեցվում «Հայփոստ»-ը. պարզաբանում է Արման Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ խորհրդարանում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց ազգային փոստային օպերատորի (Հայփոստ) մասնավորեցման օրինագիծը: Քվեարկության արդյունքները հետեւյալն են՝ 61 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Արման Սահակյանին:

-Պարո՛ն Սահակյան, արդեն հստակ է, որ «Հայփոստ»-ը մասնավորեցվելու է, սակայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կասկածում են, որ այդ գործընթացը թափանցիկ ձեւով է կարգավորվելու: Դուք լինելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ կարող ե՞ք այդ թափանցիկությունն ապահովել:

-Մենք այսօր ընդամենը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը ներառում ենք 2016-2017 մասնավորեցման փաթեթում: Այսինքն՝ այն խնդիրները, որոնք ժամանակին առաջադրում էին պատգամավորները, որ մասնավորեցնելիս պետք է սահմանադրական նորմը, օրենքները պահպանվեն եւ Ազգային ժողով մտնեն, նոր գնան մասնավորեցման, մենք այժմ այդ բոլոր նորմերը պահպանում ենք: Իսկ մասնավորեցումը գործընթաց է. երբ որ օրենքը վերջնական կընդունվի, մասնավորեցման երեք ձեւ կա, որոնք կարող են կիրառվել՝ ուղիղ վաճառք, մրցույթ եւ աճուրդ: Կառավարությունն արդեն օրենքն ընդունելուց հետո կորոշի, թե ինչ ձեւով կմասնավորեցվի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների առաջարկին, որ դա լինի թափանցիկ եւ իրենց մասնակցությունը լինի, կարծում եմ, որ այն առաջարկությունը, որը կա հանձնաժողով ստեղծելու շուրջ` պատգամավորների մասնակցությամբ, Կառավարությունը կքննարկի: Կարծում եմ, որ խնդիրներ չեն առաջանա, ու «Հայփոստ»-ի մասնավորեցման հարցի հետ կապված ամբողջ ծավալով թափանցիկ քննարկումներ տեղի կունենան:

-Այնուամենայնիվ, ինքնին մասնավորեցման որոշումը որքանով էր տեղին. խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեմ արտահայտվեցին «Հայփոստ»-ի մասնավորեցմանն առհասարակ: Ինչո՞ւ նման որոշում կայացրիք:

-«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը այս պահին հավատարմագրային կառավարիչն է ղեկավարում, ես առաջին ընթերցման ժամանակ դրա մասին տեղեկացրել եմ, ասել եմ, թե հավատարմագրային կառավարիչը ինչ ներդրումներ է իրականացրել: Այսինքն «Հայփոստը, 2006 թվականից առաջ պետք է հիշեք, թե ինչ վիճակում էր, աշխատավարձի խնդիր կար, տարբեր սոցիալական խնդիրներ էին առաջացել ու այս տարիների ընթացքում, փաստորեն, «Հայփոստ» ՓԲԸ-ն բարելավվել է, եւ բնական է, որ բարելավված ընկերությունը մասնավորեցնելու շահագրգռվածությունը եւս մեծացել է: Այնպես որ, ես չեմ կարծում, թե այդտեղ խնդիր կա, մենք այսօր մտածում ենք ազգային օպերատոր ունենալու մասին, այսինքն՝ «Հայփոստ»-ը Հայաստանի Հանրապետությունից որեւէ տեղ չի գնալու: Իսկ որպեսզի մենք ավելի բարելավենք, մեծ ներդրումներ ներգրավենք մեր ազգաբնակչության համար «Հայփոստ»-ի ծառայությունները մատչելի դարձնենք, կարծում եմ՝ կարելի է այսօր «Հայփոստ»-ը մասնավորեցնել: Այսօր էլ ինքը 100 տոկոսանոց փակ բաժնետիրական ընկերություն է, որը տրված է հավատարմագրային կառավարման:

-Ներկայումս օպերատորը գտնվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»- ին վստահված ղեկավարության ներքո, որը վերահսկում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, նշվում է, որ մասնավորեցումից հետո այն «հանձնվելու» է Էդուարդո Էռնեկյանին, ու այս նախագիծը մշակվել է հատուկ դրա համար: Արդյո՞ք դա այդպես չէ:

-Մասնավորեցումը չի ենթադրում տալ ինչ-որ մեկին: Ես վստահ եմ, որ Կառավարությունը կընդունի առաջարկությունը, որպեսզի Աժ պատգամավորները եւս մասնակցություն ունենան այդ մասնավորեցման նախապատրաստման գործընթացին: Նշեմ նաեւ, որ ինքը բավականին երկար ճանապարհ է, պրոցես է, պետք է օրենքը ընդունվի, դրանից հետո պետք է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը գնահատի, պետք է հասկանանք, թե փաթեթը ինչ է արժենալու, այսինքն՝ այս բոլոր գործընթացները ամբողջովին լինելու են թափանցիկ, ու բոլորը կարող են տեսնել, թե այս ամենը ինչ ձեւով է իրականացվելու:

-Ի դեպ, Դուք ինքներդ եւս պատրաստվում եք մի շենք մասնավորեցնել. խոսքը Երեւանի 200 դպրոցի 3-րդ մասնաշենքի մասին է: Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք այդ հարցը առաջիկայում ներկայացնելու եք ՀՀ Կառավարությանը, քանի որ այդ շենքը պատրաստվում եք վերակառուցել եւ դարձնել բնակելի տուն: Ի՞նչ կասեք:

-Նույնիսկ եթե նման հարց եք տալիս, ես ամաչում եմ այդ հարցից, որովհետեւ դա հնարավոր բան չի: Նախ` ցանկացած որոշում` մասնավորացման, սեփականաշնորհման, ընդունվում է ՀՀ Կառավարության կողմից, ու նման վերաբերմունք ես չեմ ունեցել ու չեմ էլ կարող ունենալ: Առավել եւս, որ ես ծնվել ու մեծացել եմ երկու կողմից էլ մանկավարժների ընտանիքում, դա բացառվում է, դա հնարավոր չի, դրանք ստահոդ լուրեր են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս