Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց մի քանի օր առաջ ասել են, թե հունիսի 20-ից սկսած հայկական խանութներից հնարավոր կլինի հայկական ծիրան գնել: Սակայն խանութներում դեռեւս հնարավոր չէ հայկական ծիրան գտնել: Կասկածներ կան, որ արտահանվող ծիրանը կուտակվել է Հայաստանի սահմանին եւ ինչ-որ խնդիրների պատճառով դեռ չի արտահանվել: Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արդեն 2 հազ. 500 տոննայից ավել ծիրան է արտահանվել, հիմնականում դեպի Ռուսաստան:
Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ ծառայության կողմից ո՛չ Բավրայի, ո՛չ Բագրատաշենի սահմանային հսկողության կետերում ծիրանի ոչ մի խմբաքանակ կամ բեռ արտահանման ընթացքում չի կանգնեցվել:
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս օրերին չձեւակերպված բեռ չի եղել, եւ որեւէ խնդիր չկա: Կարելի է կարծել, որ Ռուսաստանում հայկական ծիրանի պահանջարկն այնքան մեծ է, որ արտահանված ապրանքը ճանապարհին սպառվում է եւ այդպես էլ չի հասնում ՌԴ մայրաքաղաք: