Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ` 2015թ. հունվարի 29-ից աշխատանքները սկսեց www.armeniangenocide100.org կայքը՝ տարբեր բովանդակալի բաժիններով: Դրանցից է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Հայրենյաց հավատամք» ՀԿ-ի կողմից կյանքի կոչվող «Այս օրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ է արվում մեկտեղել հայալեզու ու օտար մամուլում 100 տարի առաջ լույս տեսած հոդվածները: «ԱԶԴԱԿ» օրաթերթը (http://www.aztagdaily.com/archives/246535) հարցազրույց է տպագրել այդ հսկայածավալ աշխատանքով զբաղվող մասնագիտական խմբի անդամների՝ Գայանե Մանուկյանի (ծրագրի համակարգող), Արմեն Մարուքյանի (խմբագիր), Ժիրայր Պէօճեքեանի (խմբագիր), Անի Ոսկանյանի (փորձագետ) և Մարիամ Հովսեփյանի (փորձագետ) հետ:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հաստատված և այս տարվան ընթացքում գործող http://armeniangenocide100.org-ը օժտված է հարուստ տեղեկություններով և արխիվային նյութերով։ Խնդրեմ` նախ ընդհանրապես անդրադառնանք նման կայքի հաստատման կարևորությանը։
-Armeniangenocide100.org կայքի ստեղծման կարեւոր է 2 առումով: Առաջինը հիշողության պահպանման ու փոխանցման խնդիրն է։ Այս կայքը պատմական փաստաթղթերի հսկայական հավաքածու է, շտեմարան՝ օրվա մամուլի անդրադարձ, հրատարակություններ, վկայություններ և այլն։ Երկրորդ՝ կայքը հասանելի է ամբողջ աշխարհին, տեղադրված նյութերը թարգմանվում են տարբեր լեզուներով, այսինքն` հասանելի են ո՛չ միայն հայ մարդուն, այլև հայ ժողովրդի պատմության այս հանգրվանով հետաքրքրված ցանկացած անհատի, մանավանդ` ուսումնասիրող՝ լինի թղթակից, քաղաքական գործիչ, թե պատմաբան։ Նշենք նաև մեկ այլ կարևոր հանգամանք ևս` կայքի աշխատանքներին կարող են մասնակցել ոչ միայն անձնակազմի և ուսումնասիրող խմբի անդամները, այլև աշխարհի որևէ անկյունում նստած ցանկացած անհատ, ինչն ավելի ապրող, շնչող ու հետևողական է դարձնում կայքի հետապնդած նպատակը. Հայաստանից տասնյակհազարավոր մղոններ անդին նստած մարդը կարող իրեն հասանելի վկայությունները կամ մամուլի արձագանքը փոխանցել կայքին, որոնք աշխատանքային խումբը վավերականությունն ուսումնասիրելուց հետո կարող է տեղադրել կայքում։
-Կայքում կա «Պատմություններ» բաժինը, որի պատրաստման գործում ներգրավվուած եք նաև դուք։ Արդեյոք ինչպիսի՞ն է ընթերցողների ազդեցությունը, մանավանդ որ դուք թույլ եք տալիս՝ յուրաքանչյուրն իր պատմությունը տեղադրի։ Ձևով հավաքական հիշողության վայր է դա։ Խոսեք այս բաժինի զարգացման և հարստացման մասին։
-Հայոց ցեղասպանության հուշագրությունը մինչև վերջերս եղել է միայն գիտական շրջանակների և ոչ մեծ թվով` այդ հարցերով հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որոշում կայացվեց կայքի միջոցով հանրության ավելի մեծ շրջանակների ներկայացնել այդ հանցագործությունը վերապրածների, ականատեսների պատմությունները: Այդ հուշագրությունները Հայոց ցեղասպանության` որպես ծանրագույն միջազգային հանցագործության, անմիջական տուժող-վերապրածների և դրանց ականատեսը դարձած օտարերկրացիների ցուցմունք-վկայություններն են, որոնք լույս են սփռում այդ հանցագործության մանրամասնությունների և փաստական հանգամանքների վրա: «Պատմություններ» բաժնում մենք ծաղկաքաղ ենք անում թե′ հայրենիքում և թե′ Սփյուռքում հրատարակված` վերապրողների և ականատեսների հուշապատումներից: Առիթից օգտվելով` մեր երախտագիտությունն ենք հայտնում այս գործին իր ամբողջ կյանքը նվիրաբերած Վերժինե Սվազլյանին, ով սրտանց իր աջակցությունն է ցուցաբերում մեզ: Տեղեկացնենք, որ այս բաժնում տեղադրել ենք (առաջիկայում` նույնպես) դեռևս չհրապարակված նյութեր, որոնք պահվում են ՀՅԴ Բոստոնի արխիվում: Իսկ «Պատմիր քո պատմությունը» առանձին ենթաբաժնում ցանկացած ոք կարող է պատմել Ցեղասպանության վերաբերյալ իր, ծնողների, պապերի և տատերի պատմությունը: Հաշվի առնելով կայքի այցելուների ուշադրությունն այդ բաժնի նկատմամբ և նրանց կողմից պատմություններ տեղադրելու հանգամանքը՝ կարող ենք արձանագրել, որ այս բաժինը ծառայեց իր նպատակին` այն վերածվել է հավաքական հիշողության շտեմարանի:
-Շատ կարևոր և հետաքրքրական է նաև «Մամուլը 100 տարի առաջ» բաժինը. Խոենք այդ մասին նույնպես, մանավանդ որ այդտեղ տեղ են գտել այնպիսի նյութեր, որոնք նախապես մատչելի չէին բոլորին։ Ինչպե՞ս են կատարվում աշխատանքները, ի՞նչ աղբյուրներից են քաղվում տեղեկությունները։
-«Մամուլը 100 տարի առաջ»-ը կայքի կարևոր բաժիններից է: Այս բաժնով նպատակ դրվեց ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915թ. մամուլի արձագանքը` յուրատեսակ օրացույց, որը օր առ օր ներկայացնում է, թե ինչ էր գրում ոչ միայն հայկական, այլև օտար մամուլը հայերի ծայրահեղ ծանր դրության մասին: Հարկ է ընդգծել, որ, չնայած արմատավորված կարծիքին, 1915թ. մամուլի էջերում տեղ են գտել նյութեր ոչ միայն հայերի զանգվածային սպանությունների, այլև ինքնապաշտպանական մարտերի, գաղթականությանն օգնություն կազմակերպելու և մի շարք այլ կարևոր թեմաների մասին: Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նշեցինք, որ տեղադրված նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Համագործակցելով տարբեր գրադարանների, կրթական և գիտական հաստատությունների հետ՝ կատարվել է հավաքչական աշխատանք, նախապես կազմել ենք ցուցակներ և թվայնացրել մեզ հասանելի ողջ մամուլը: Այնուհետև աշխատանքային խմբի կողմից ընտրվել են հոդվածները: Անշուշտ, հետազոտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարավոր է մեկտեղել 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր, հատկապես` օտար մամուլի նյութերը, հասկանալի է, որ դրանց մի մասը դեռևս հասանելի չէ: Մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին, Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի և Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» օրաթերթի խմբագրակազմերին, որոնք անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և ցուցաբերեցին իրենց օժանդակությունը: Որոշ դեպքերում, դժբախտաբար, արձագանք չեղավ: Բազմաթիվ երկրներում հայկական տեղական կազմակերպությունները կամ անհատ մտավորականները մամուլի արձագանքի հավաքածուներ են կազմել։ Մենք նրանց աշխատանքից էլ ենք օգտվում: Նշենք, որ մեր այս աշխատանքի մեջ մեծագույն բացն արաբական մամուլն է։ Մի կողմից` արաբական մի շարք երկրներում քաղաքական իրավիճակը, մյուս կողմից` օրվա թերթերի էլեկտրոնային տարբերակների պաշտոնական վաճառքի բարձր սակագները պատճառ դարձան, որ այս հանգրվանում արաբական մամուլը բացակայի այս հավաքածուից։ Հույս ունենք, որ մոտ ապագայում ի վիճակի կլինենք այս բաժինը համալրել արաբական և թուրքական աղբյուրներով ևս։ Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները: Հարկ է նշել, որ այս բաժինն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանքի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը: Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի… Անբացատրելի հուզումով թերթում էինք Վանի ինքնապաշտպանության օրերին Վանում հրատարակված «Աշխատանք» թերթը, որը ոչ միայն փոխանցում է տեղի ունեցածը, այլև հայրենասիրական ոգին… Ըստ էության` այս բաժինը 1915թ. մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն է:
-Նման հսկայական ծրագիրն ինչպե՞ս է ֆինանսավորվում, այս կարևոր աշխատանքի շարունակությունն անպայման նյութական հատկացումներ է ենթադրում:
-Ծրագիրն իրականացնում է «Հայրենյաց հավատամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակում, «Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ վավերապատումներ» անվանակարգով «Հայոց ցեղասպանության վերապրածների և ականտեսների թվային վավերապատումների տեղադրում կայքէջում և ժամանակի մամուլի նյութերով 1915թ. օրացույցի ստեղծում» խորագիրը կրող ծրագրով:
-Խմբի աշխատանքներն ինչպե՞ս են կատարվում, իրար հետ ժողովնե՞ր եք գումարում, թե՞ այլ ձևեր կան համադրում անելու:
-Այդ ամբողջը ենթադրում է ամենօրյա աշխատանք, նախ աշխատանքի բաժանում ենք արել, թե ով որ թերթն է մշակում, ով է թվայնացնում և փոխանցում մյուսին: Ի դեպ, շեշտենք, որ աշխատանքի շրջանակում թվայնացված թե′ մամուլը, թե′ գրականությունն աշխատանքային խումբը անհատույց նվիրաբերել է Ազգային գրադարանին, որն արդեն սկսել էր նման աշխատանք, իսկ մեր կողմից համալրվեց հավելյալ գրականությամբ (թվայնացված) և մամուլով: Այնուհետև թվայնացված մամուլն ուսումնասիրվում է, կարելի է ասել, տող առ տող: Վերն արդեն նշել ենք, թե մամուլից որ հոդվածներն ենք առանձնացնում: Եթե չի հաջողվում թվայնացնել սքանով, ապա լուսանկարում ենք, որից հետո կատարում մշակում: Տեղեկացնենք, որ օտար մամուլի թարգմանությունն էլ ինքներս ենք կատարում: Յուրաքանչյուրս աշխատում ենք տանը, բարեբախտաբար, ժամանակակից հաղորդակցման հնարավորությունները թույլ են տալիս նյութերը միմյանց փոխանցել ելեկտրոնային տարբերակով: Մշակված նյութը, անշուշտ, վերանայվում է, ապա ամբողջանալուց հետո միայն փոխանցվում է կայքի ադմինին:
-Արդյոք ձեր աշխատանքները առաջիկայում ևս պիտի շարունակվե՞ն, թե՞ սահմանափակված են 100-րդ տարելիցի շրջանակով միայն։
-Հույս ունենք, որ այս աշխատանքները 2015-ով չեն սահմանափակվի երկու առումով: Նախ` Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, և արժե այդ մասին տեղեկությունները կենտրոնացնել։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը հավաքել։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։
Մենք նախատեսում ենք ամբողջ տարվա ընթացքում կայքի «Մամուլը 100 տարի առաջ» բաժնում զետեղված` հայ և օտար մամուլի նյութերը ծրագրի վերջում պատշաճ գիտական մակարդակով հրատարակել առանձին ժողովածուով, որը, կարծում ենք, օգտակար կլինի և էապես կհեշտացնի Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը: