Մինչ ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, այս ընթացքում հասարակական տրանսպորտը սպասարկող փոխադրողների մոտ բարդ իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը շահագործումից հանեց թվով վեց ավտոբուսային երթուղիներ: ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսպես աշխատելն այլեւս անհնար է, եւ առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կկրճատվի 50 տոկոսով:
Թեեւ նախորդ տարվա երթուղիների կրճատումը քաղաքապետարանը պաշտոնապես պատճառաբանեց, որ շահագործումից հանվել են կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն, սակայն բազմաթիվ մասնագետների եւ քաղաքացիների կարծիքով` այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար օգտվեն առնվազն երկու, իսկ շուտով անգամ երեք տրանսպորտից:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, առաջիկայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում հասարակական տրանսպորտի ոլորտում:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում: Մենք վաճառում ենք մի ապրանք, որը թանկ է: Մարդիկ ներդրում են կատարել, եւ որպեսզի այն չփոշիանա, հիմա ստիպված աշխատում են: Մեզ կամ մասնագետներին լսելու փոխարեն, լսեցին ոմն ակտիվիստների: Այսօր ունենք ոչնչացող բնագավառ: Գուցե՞ մտածված են անում, չգիտեմ: Սարսափելի վատ իրավիճակ է: Երեք ընկերություն, որոնք երեք երթուղի են սպասարկում, սնանկացման ճանապարհն են բռնել: Նախորդ տարվա ընթացքում այս ճանապարհով գնացին հինգ ընկերություն, իսկ այս ամիսների ընթացքում՝ երեք: Չեն կարողանում սպասարկել, իսկ Երեւանի քաղաքապետարանն ի վիճակի չէ ամբողջ քաղաքը նվեր ստացած ավտոբուսներով սպասարկել: Հնարավոր չէ, ուրեմն, պետք է մասնավորին ներառել, իսկ վերջինս էլ արդեն չի կարողանում այս պայմաններին դիմակայել:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ սնանկանում են:
-Ահա, մեկը խելոք վարվեց, գնաց քսան հատ ավտոբուս իր միջոցներով բերեց, բայց արդյունքում, հիմա տուն-տեղ, ամեն ինչ կորցնում է: Խոսքը «Լյուդվիգ եւ որդի» ընկերության մասին է: Այս ընկերության հիմնադիրը լսեց մեր քաղաքային իշխանություններին, հավատաց նրանց խոստումներին, գնաց, գնեց այդ մեքենաները, հիմա լաց է լինում, կողքին կանգնող չկա, ձեռք մեկնող չկա: Իր մոսկվաբնակ ընկերներն են փորձում ինչ-որ կերպ այս հարցը կարգավորել, գոնե փրկել նրա տունը: Այսօր փոխադրող ընկերությունները նոր մեքենա գնելու միջոցներ չունեն, դրա համար հինը կանգնեցնում են եւ պահեստամասերը բաժանում են մյուս մեքենաների վրա: Մենք ունենք գարաժներ, որտեղ մեծ թվով մեքենաներ կան կանգնած, դրանց մեծ մասը վարորդ չունի: Իսկ վարորդները չեն կարողանում տրված աշխատավարձով ընտանիք կերակրել: Եկեք, տանեմ, ցույց տամ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների գերեզմանոցը:
-Դուք պնդում եք, որ փոխադրողները չեն կարողանում այլեւս աշխատել՝ պահպանելով 100 դրամ ուղեվարձը, իսկ քաղաքացին էլ վճարունակ չէ…
-Ես նախ՝ քաղաքացու կողքին եմ կանգնած, հետո՝ փոխադրողների: Ապրանքը, որն արժե 200 դրամ, բայց վաճառվում է 100 դրամով, սրա վերջն ի՞նչ է լինելու: Շատ պրիմիտիվ լուծվող խնդիր է: Քաղաքապետարանի կողմից երթուղինեի կրճատման նպատակով վերանայումը կլինի անընդատ, մինչեւ 50 տոկոսով այն կրճատվի:
-Լավ, իսկ Երեւանի քաղաքապետարանը չի՞ փորձում այլ տարբերակով լուծել հարցը, որ ո՛չ քաղաքացին տուժի, ո՛չ էլ փոխադրողները:
-Երեւանի քաղաքապետարանը բացարձակ ոչինչ չի ցանկանում ձեռնարկել: Իրենք չեն ցանկանում ուղեվարձը բարձրացնել: Բոլոր մեր հորդորները, բողոքի ակցիաները ոչ մի արդյունք չտվեցին: Նույնիսկ անկախ մասնագետների հրավիրեցին, ովքեր հաշվեցին ու հայտարարեցին, որ փոխադրումը կարող ենք իրականացնել երեք ուղեվարձով՝ 152, 202 եւ 252 դրամով: Սա կախված էր վառելիքի եւ շարժակազմի տեսակից: Այսինքն՝ գազով աշխատող միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է սահմանվեր 152 դրամ, գազով աշխատող ավտոբուսինը՝ 202, իսկ դիզվառելիքով աշխատող ավտոբուսինը՝ 252 դրամ: Բայց այդպես չեղավ: Արդյունքում կրճատվեցին մի քանի երթուղիներ, եւ այսօր Երեւանում 40 հազար մարդ արդեն վճարում է 200 դրամ, որպեսզի հասնի իր ցանկացած վայրը: Ի դեպ, ասեմ, որ առաջիկայում նրանք կվճարեն արդեն 300 դրամ `ստիպված լինելով երեք տրանսպորտ փոխել քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար: Սա է վիճակը:
-Իսկ ի՞նչ եք առաջարկում իրավիճակը փրկելու համար՝ առանց ուղեվարձը բարձրացնելու:
-Ոչ մի արտոնություն չունենք: Չէ՞ որ մենք սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացուն ենք սպասարկում: Գոնե այս դեպքում գազը կամ դիզվառելիքը մեզ տրամադրեն ինքնարժեքով: Գիտե՞ք չէ, թե ովքեր են ներմուծում դիզվառելիքը: Մենք քաղաքապետարանին առաջարկեցինք միջամտել եւ հասնել նրան, որ մեզ դիզվառելիքը հատկացվի ինքնարժեքով: Ասացին, չէ, չի կարելի: Հայաստանում գործող փոխադրող ընկերությունների հետ միասին այս առաջարկով բազմիցս դիմել ենք քաղաքապետարան: Ասացին, որ իրենք չեն կարող դիզվառելիք ներմուծողներին պարտադրել մեզ ինքնարժեքով դիզվառելիք վաճառել: Մի օրինակ բերեմ, որը շատ նման է մեր պատմությանը. մեկն իր էշին սկսում է օրը մեջ կերակրել, հետո՝ երկու օրը մեկ, երեք օրը մեկ, չորսը օրը մեկ, վեց օրը մեկ, հետո՝ ընդհանրապես չի կերակրում, արդյունքում էշը սատկում է: Ստացվում է, որ չի կարելի չկերակրել, բայց պահանջել:
-Մայրաքաղաքում այսօր քանի՞ փոխադրող ընկերություն կա:
-Թղթի վրա՝ 62, իսկ գործող մնացել է 55: Նրանցից շատերը դատարանով սնանկ ճանաչվեցին, ամբողջ գույքը վաճառեցին: Հիմա աշխարհի տարբեր անկյուններում են: Օրինակ՝ նրանցից մեկը այժմ Ռուսաստանի Դաշնությունում է եւ այլ մարդու պատկանող կարի արտադրամասում է աշխատում: Երբ հեռախոսազրույց ենք ունենում, լացում է, ասում է՝ սա իմ տեղը չէ: Բայց ի՞նչ արած:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ