Դեռեւս մարտի 30-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Իսկ նախօրեին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արսեն Արշակյանը, ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից, կրկին նշանակվեց Երեւանի ՃՈ պետ: Այս վերադարձի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Արսեն Արշակյան հետ:
-Պարո՛ն Արշակյան, հույս ունեի՞ք, որ կրկին վերադառնալու եք Ձեր «հին» պաշտոնին:
-Բացարձակապես տեղեկություն չեմ ունեցել, որ նման փոփոխություն է լինելու, ոստիկանության պետը նպատակահարմար է գտել եւ հրամանագրել է:
-Կարելի՞ է ասել, որ այս դեպքում եւս գործեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «սիրելի» ասացվածքը. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
-Դա ավելի ճիշտ կլինի ասել, որ լրագրողական մեկնաբանություն է եւ ոչ թե իմ կողմից հնչեցված:
-Ի վերջո, Դուք պարզեցի՞ք, թե ինչու Ալիկ Սարգսյանը Ձեզ պաշտոնանկ արեց:
-Գիտեք ինչ, մի փոքր անհամեստություն կլինի իմ կողմից ինչ-որ պատճառաբանություններ անել:
-Բայց բոլորին հայտնի է, որ Ձեր եւ Ա. Սարգսյանի փոխհարաբերությունները մշտապես լավ են եղել:
-Հիմա էլ Ա. Սարգսյանի հետ մեր փոխհարաբերությունները նորմալ են, ինքը մեր ոստիկանապետն է եղել, բայց ես այժմ իր հետ որեւէ շփում չունեմ: Նա լիարժեք իրավունքներ ուներ ե՛ւ ազատելու, ե՛ւ նշանակելու:
-Այսինքն՝ նեղացա՞ծ չեք Ա. Սարգսյանից:
-Ո՛չ, ես ոչ մեկից նեղացած չեմ: Մենք միշտ աշխատանքային ենք շփվել:
-Ժամանակին տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքից հեռացման պատճառը Ձեր կինն է եղել, որը Երեւանի 120 դպրոցի տնօրենն էր: Ըստ այդմ, Դուք ամեն գնով փորձել եք ԿԳ նախարարությունում կապեր հաստատել` Ձեր կնոջը տնօրենի պաշտոնում վերականգնելու համար, ինչի համար էլ ոստիկանապետը հեռացրեց Ձեզ աշխատանքից:
-Դա ես պարզապես հերյուրանք եմ համարում, դրանք անհիմն պատճառաբանություններ են, եւ չեմ էլ ուզում մեկնաբանել:
-Լավ, խոսենք նաեւ օր օրի աճող ավտովթարների մասին: Ի սկզբանե բոլորս հույս ունեինք, որ տեսախցիկներ տեղադրելը կնպաստի ավտովթարների թիվի կրճատմանը: Բայց գնալով դրանց թիվն աճում է, այդ դեպքում ի՞նչ նպատակ ուներ տեսախցիկներ տեղադրելը:
-Ուրեմն նշեմ, որ Երեւանում մարմնական ելքով եւ մահվան ելքով վթարների թիվը նվազել է, դա տեսախցիկների արդյունքն է: Իսկ ովքեր որ փորձում են չենթարկվել այդ օրենքներին, չեն խուսափելու նաեւ վթարներից:
-Բայց այդ, նվազումը տեսանելի առումով չի զգացվում, ավելի շատ աճ ենք տեսնում, քան նվազում:
-Ուղղակի շատ է լուսաբանվում դրանց մասին, այդ իսկ պատճառով թվում է, որ վթարների թիվը շատացել է: Նախկինում ՃՈ-ն այդքան թափանցիկ չի եղել:
-Հայտարարվեց, որ այսուհետ զգուշացնող ցուցանակները հանվելու են այն տարածքներից, որտեղ տեսախցիկներ կան: Ամեն ինչ Ֆրանսիայի օրինակով ենք անում, ինչո՞ւ այս անգամ էլ այդ օրինակը չենք կիրառում. այնտեղ 500 մետր հեռավորությունից արդեն վարորդին զգուշացնում են, որ նկարում են:
-Ֆրանսիայում անգամ շատ հանգիստ կարող են այդ ցուցանակները հանել, որովհետեւ այնտեղ ովքեր վարորդական իրավունք ունեն, գիտակցում են, որ արագությունը չպետք է գերազանցեն: Իսկ մեզ մոտ նշաններ հանելու որոշում կայացնողը ես չեմ, ոնց նպատակահարմար գտնի ղեկավարությունը, այդպես էլ կանենք: Ուղղակի պետք է վարորդները գիտակցեն, թե որտեղ ինչ արագությամբ պետք է երթեւեկեն:
-Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ վարորդները տուգանվեն, ու չեն էլ ցանկանում ինչ-որ բանով նպաստել, որպեսզի երթեւեկությունը կարգավորվի: Ոստիկանությունը պահմտոցի՞ է խաղում վարորդների հետ:
-Սխալ եւ թյուր կարծիք ունեք ոստիկանության մասին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի վարորդներն իրենց պաշտպանված զգան: Պահմտոցի երբեւիցե չի լինելու, նման հասկացողություն չկա:
-Պաշտոնապես էլ հայտարարվեց, որ եթե վարորդը գերազանցում է արագությունը, ապա տեսախցիկները 10 կմ շատ են «ցույց տալիս», դա ինչպե՞ս կբացատրեք:
-Նման բան չկա, ուրեմն տեխնիկական խնդիրներից խուսափելու համար արագաչափերը միշտ տեղադրվում է պլյուս 10 կմ արագությամբ:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՃՈ-Ն ԱՅԴՔԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ