ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԺ-ԻՆ ԴՐԴՈՒՄ Է ԽԱԽՏՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշել է «ձիով քայլ» անել ու մերժելով ՀՀԿ-ականներին՝ ըստ էության մերժել է խորհրդարանական ընդդիմությանը: Խոսքը 2013թ. պետական բյուջեում ԱԺ-ին հատկացվող ֆինանսական միջոցներն ավելացնելու վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկի մասին է:
Ի թիվս այլ առաջարկների՝ ՀՀԿ-ն մատնանշել էր «ԱԺ նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ»: Սակայն կառավարությունն այս ծախսերը համարել է ոչ առաջնային ու հրաժարվել գումար տալուց: Տեղի ունեցածն ուշագրավ է մեկ այլ առումով. ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների ելույթներն ու կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջովին հեռարձակելն ԱԺ կանոնակարգի 35-րդ հոդվածի պահանջն է: Ընդ որում, այդ պահանջն իմպերատիվ է: Միայն թե, այս ողջ ընթացքում ԱԺ կանոնակարգի այս դրույթը խախտվել է: Հիմա էլ, փաստորեն, կառավարությունն անուղղակի կերպով ստիպում է ԱԺ-ին շարունակել կանոնակարգի ոտնահարումը:
Նկատենք, որ իշխանությունների այս քայլը տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ. նրանք պարզապես վախենում են նախագահի ընտրություններից առաջ ընդդիմությանը եթեր տրամադրելուց: Նշենք, որ այսօր էլ Հանրային հեռուստաընկերությունը ԱԺ հայտարարությունների ժամին ելույթներն ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանները եթեր է հեռարձակում ընտրովի սկզբունքով: Բնականաբար, ընդդիմադիր պատգամավորների ելույթները մնում են կադրից դուրս, եթեր չեն հեռարձակվում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Հանրային հեռուստաընկերությունն ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններն ու հարցուպատասխանները եթեր չի հեռարձակում, ասելով, որ պարտավոր չէ: ԱԺ կանոնակարգը պարտավորեցնում է այդ նպատակով մրցույթ հայտարարել, ինչը եթե մինչեւ հիմա ձգձգում էին անել, ապա հիմա այլեւս չեն անի, քանի որ ունեն պատճառ: Փոխարենը բյուջեից գումարներ են հատկացվում բազմաթիվ ոլորտների, որոնք, հետո պարզվում է, նպատակային չեն օգտագործել»:
Ըստ Լ. Սարգսյանի՝ տեղի ունեցողը պատահական չէ: «ԱԺ-ին էլ պետք չէ, որ այդ մրցույթը հայտարարի»,-ասաց տիկին Սարգսյանը:
Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Կարեն Ճշմարիտյանը հակառակն էր պնդում. ըստ նրա՝ այդ քայլի մեջ չկա քաղաքական ենթատեքստ: Ավելին, նա ասաց, թե ԱԺ նիստերն ամբողջովին եթեր հեռարձակվում են ինտերնետով, ուստի նպատակահարմար չէ հեռուստատեսությամբ եւս դրանք ցուցադրելը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս