Քրիստինե Պեպելյանն աջակցում է ցուցարարներին և պատրաստ է համերգ տալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները Սերժ Սարգսյանից պահանջում են չեղարկել էլ.էներգիայի բարձացման մասին ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը: Շարժումն օրեցօր ավելի մարդաշատ է դառնում: Քաղաքացիներին իրենց աջակցությունն են հայտնում ոչ միայն քաղաքական-հասարակական սեկտորի հայտնի ներկայացուցիչներ, այլեւ շոու բիզնեսի կարկառուն դեմքեր:

1

– Որտե՞ղ է երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ինչո՞ւ նա ցուցարարների կողքին չէ:

– Բնականաբար ես երիտասարդների հետ եմ, չի կարող այլ կերպ լինել: Նրանք պայքարում են իմ, ձեր, մյուսների՝ բոլոր խավերի ներկայացուցիչների համար: Ողջունում եմ, որ այդքան ակտիվ երիտասարդներ են հավաքվել ու համառ պայքարում են՝ մեր բոլորի ցանկությունների կատարման համար:

Պարզապես մարդկանց մի տեսակ կա, որ բոլոր իրավիճակներում փորձում է իր շահը առաջ տանել, իրեն PR անել, երեւալ տեսախցիկների առջեւ եւ գնալ տուն՝ գիշերելու: Ես չեմ ուզում նմանվել այդ տեսակին: Տեսախցիկների առաջ պետք է երեւան այն երիտասարդները, որոնց պետք է մեր շնորհակալությունը հայտնենք՝ անկախ պայքարի արդյունքներից:

– Բայց հայտնի մարդիկ՝ շոուբիզնեսից, քաղաքական ու հասարակական դաշտից, իրենց ներկայությամբ կենդանի պատ են կազմում, որպեսզի երիտասարդների նկատմամբ բռնություն չկիրառվի: Ինչո՞ւ դուք չեք «անդամագրվում» այդ պատին:

– Կենդանի պատը ում միջեւ է. հայը հայի՞, ոստիկանի՞: Չէ՞ որ նույն ոստիկանը ՀՀ քաղաքացի է, պաշտպանում է մեր բոլորի իրավունքներն ու խաղաղ գոյությունը մեր քաղաքում: Փողոց դուրս եկած երիտասարդներն էլ են պայքարում նաեւ ոստիկանների ու նրանց ընտանիքիների բարեկեցության համար:

2

– Բայց չէ՞ որ նույն «իրավունքի պաշտպան» ոստիկանները օրեր առաջ բռնությամբ 235 քաղաքացիների բերման ենթարկեցին: Չարժե՞ պաշտպանվել նրանցից:

– Ես տեսել եմ այդ կադրերը, ցավով եմ հետեւել այդ իրադարձություններին: Ինչ արած, բոլոր համակարգերում էլ կան մարդիկ, որոնք գերազանցում են, չարաշահում են իրենց լիազորությունները. ոչ միայն ոստիկանությունում, այլ նույն շոու բիզնեսում էլ, առողջապահական ու կրթական համակարգերում էլ… Կարծում եմ՝ ոստիկանների մեջ էլ հենց այդպիսիք էին բռնություն կիրառողները: Բայց նույն ոստիկանն էր չէ՞, որ գտավ երեխային ու հանձնեց իր ծնողներին ու ցնծությամբ ընդունեցին նրան:

– Ձեր խոսքերից հասկանալի դարձավ, որ դուք աջակցում եք երիտասարդներին, բայց պարզ չէ, թե ինչպես:

– Հավատացած եմ, որ բարեհաջող կավարտվի ամեն ինչ, հասարակության ներկայացրած պահանջները կբավարարվեն եւ ես էլ կդիմեմ Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով հնարավորություն տալ՝ իմ ընկերների հետ համերգ կազմակերպել Ազատության հրապարակում, որտեղ բոլորս կնշենք մեր հաղթանակը: Լավ կլինի, որ ամեն մեկս մեր մասնագիտական ունակությունները ծառայեցնենք շարժմանը և հաղթանակին: Այնպես որ՝ միասին:

Արփինե Թովմասյան




Լրահոս