Կայացել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշելու դաշնակցային համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղություններ:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ նախորդ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը, ընդհանուր առմամբ, իրականացվել է: Դիտարկելով նշված ժամանակահատվածում փոխգործակցության դինամիկան՝ պետք է առանձնացնեմ այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են տնտեսական իրավիճակը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչն զգալիորեն հարստացրել է երկկողմ համագործակցությունը՝ հիմք ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար:

Մենք վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև տնտեսության արդիականացման և մրցունակության բարձրացման համար: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում էականորեն կփոխվեն երկկողմ առևտրի և ներդրումների, բնակչության զբաղվածության և իրական եկամուտների ցուցանիշները: Այս ամենն իրագործելու համար ունենք բոլոր անհրաժեշտ իրավական և կազմակերպչական մեխանիզմները: Մեր երկրները սերտորեն համագործակցում են այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու հաղորդակցությունը, հանքային հումքի և գյուղատնտեսական ապրանքների մշակումը: Ձևավորված է համատեղ գիտատեխնիկական ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել տնտեսական համագործակցության մեջ ինովացիոն բաղադրիչը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ընթացիկ տարում էներգետիկայի և ատոմային անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի  կարևոր ձեռքբերումը միջկառավարական համաձայնագրի ստորագրումն էր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը:

Պետք է նշեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հիմքում ընկած է նաև երկու երկրների մարզերի միջև ուղիղ շփումների ակտիվացումը: Այս համատեքստում մեծապես կարևորում եմ հայ-ռուսական միջտարածա­շրջանային բիզնես ֆորումների դերը: Մենք մտադիր ենք համագործակցության այդ ձևաչափն ավելի աշխուժացնել:

Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը, որը նույնպես կարևոր դեր ունի երկկողմ հարաբերություններում: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրերը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն ավարտվել են Երևանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման իրավական ձևակերպման հետ կապված աշխատանքները, և այս տարի համալսարանը կընդունի իր առաջին ուսանողներին»:

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին և խոսքը փոխանցել Մաքսիմ Սոկոլովին: Իր ելույթում ՌԴ տրանսպորտի նախարարը նշել է, որ նախորդ նիստից հետո մեծածավալ աշխատանք է կատարվել, և միջկառավարական հանձնաժողովի նիստը լավ հնարավորություն է՝ կառուցողական մթնոլորտում երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար: Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ 2014 թվականն անկյունաքարային տարի էր հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, քանի որ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: «Հենց այդ պահից սկսած մեր երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր փուլ թևակոխեց, քանի որ Հայաստանի գործարարները հնարավորություն ստացան մուտք գործել պաշտպանված և ծավալուն՝ 170 միլիոնանոց շուկա, որի շրջանակում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը», – նշել է պարոն Սոկոլովը՝ հավելելով, որ դա կնպաստի ներդրումների աճին և Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ շարունակական նպատակային աշխատանք է տարվում ԵԱՏՄ շրջանակում բեռնափոխադրումների հեշտացման, օդային հաղորդակցության ազատականացման ուղղությամբ, ակտիվ զարգանում է երկկողմ համագործակցությունը ֆինանսական, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում:

Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ՌԴ-ն հետևողականորեն համապարփակ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսությանը, այդ թվում՝ էներգակիրներն արտոնյալ գներով մատակարարելով: «Մեր համագործակցությունը գործնականում բոլոր ոլորտներում շատ բարձր մակարդակի վրա է: Վերջին  շրջանում ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման համաձայնագրի շրջանակում ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիան արդեն սկսել է համապատասխան աշխատանքները», – նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը և համոզմունք հայտնել, որ այսօրվա նիստում ընդունվող որոշումները կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը, մշակութային, գիտական, կրթական կապերի զարգացմանը և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Նիստում նախ ներկայացվել և ի գիտություն է ընդունվել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին: Քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի և կապի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին և ծրագրերին: Որոշվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում: Կողմերը փոխադարձաբար միմյանց շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական համատեղ աշխատանքի համար:

Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի արձանագրությունը:




Լրահոս