Արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյան պողոտան փակ է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների կողմից: Ամեն օր նրանց են միանում մշակույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր, իրենց խոսքով` կենդանի պատ եմ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց դերասան Արա Դեղտրիկյանի հետ:
-Պարոն Դեղտրիկյան, Ձեր գործընկերներն արդեն մի քանի օր է` միանում են Բաղրամյանում խաղաղ ցույց անող երիտասարդներին: Չե՞ք պատրաստվում Դուք էլ միանալ ցուցարարներին, ինչպես Ձեր գործընկերները:
-Ձեր ասած շոու բիզնեսի ներկայացուցիչներն իմ համար այնքան էլ ներկայացուցիչներ չեն: Ես երեկոյան տանից դուրս եմ գալիս, նայում եմ, տեսնում եմ, շփվում մարդկանց հետ: Իհարկե, լավ չէ, որ հոսանքը թանկանում է, հատկապես սոցիալապես անապահով խավի համար: Նորմալ է, որ մարդիկ իրենց խոսքը բարձրացնում են: Բայց դա պետք է լինի նորմալ, առանց օրենքի խախտման, միջադեպերի:
-Կարծում եք` նրանց շնորհիվ է, որ ոստիկանությունը բռնություն չի կիրառում:
-Չեմ կարծում` դա է պատճառը, որ ոստիկանությունը ինչ-որ քայլերի չի գնում: Ուղղակի նրանք էլ են ուզում մասնակից դառնալ:
-Հունիսի 23-ի առավոտյան, երբ ոստիկանությունը ջրցան մեքենայով և բռնությամբ դադարեցրեց ցույցը, մարդիկ խաղաղ ակցիա էին անում:
-Ինչքան որ հեռուստացույցով ես տեսա, մեր ոստիկանները բավական երկար ժամանակ համոզում էին, որ Բաղրամյան փողոցի այդ հատվածը բացեն և գնան` իրենց ակցիան անեն Ազատության հրապարակում: Նրանք չէին համաձայնվում: Հետո նախագահականը հրավիրեց 4-5 հոգանոց պատվիրակություն, դա էլ չհամաձայնվեցին: Հասկանում եք` այդ փողոցը երկար ժամանակ փակել, քաղաքը կտրել անցուդարձից, սխալ է: Հետո արդեն ոստիկանությունը դիմեց կտրուկ միջոցների:
-Այսինքն` նորմա՞լ էր, որ այդքան համոզելուց հետո ոստիկանությունը դիմեց կտրուկ քայլերի:
-Չէ, իհարկե ոչ մի բռնություն նորմալ չէ, ես նորմալ չեմ համարում: Եթե մարդիկ են տուժում, մարդկանց վրա ուժ են գործադրում, ոնց կարելի է նորմալ համարել: Չգիտեմ` ինչ ասեմ: Լավ կլիներ` ընդհանուր եզրակացության գային, այնպես լիներ, որ ջրցան մեքենաները գործի չդնեին:
-Պարոն Դեղտրիկյան, այժմ էլ քաղաքացիները խաղաղ ցույց են անում, բայց Ոստիկանությունն այն չի դադարեցնում: Ձեր կարծիքով` դա ինչո՞վ է պայմանավորված:
-Մեր ոստիկանությունը որոշեց այլևս ուժ չկիրառել: Համբերությամբ են լցվել, տեսնեն` ինչ է լինելու (ծիծաղում է):
-Եվ, ըստ Ձեզ, ինչքան կշարունակեն համբերատարություն ցուցաբերել կամ ինչքան ժամանակ բաղրամյանը փակ կմնա:
-Դե դա նորմալ չէ, երևի սպասում են ինչ որ ելքի: Ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող ավելացնել: Կարևորը, որ հավաքվածները խուժան մասսան չէ, կիրթ երիտասարդներ են, թափթփուկներ չեն: Մարդիկ են, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:
Քրիստինա Աղալարյան