Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցները նոր գույք են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող մարզադպրոցների գույքային ծրագրով 15 անուն նոր գույք է տրամադրվել Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցներին։ Տրամադրվող գույքի ցանկում ներառված են անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև համակարգիչներ, որոնցով առաջին անգամ են համալրվում դպրոցները։

«Այսօր Երևանում գործում է շախմատի 9 մարզադպրոց, որոնցից երկուսը վերանորոգվել են 2013 թվականին, երկուսը բացվել են նույն թվականին, հինգը՝ 2014 թվականին: Եվս երկու շախմատի մարզադպրոց՝ Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջաններինը, կբացվի այս տարի։ Այսպիսով՝ Երևանը հագեցած կլինի շախմատի մարզադպրոցներով, որոնք այսուհետ կահավորված կլինեն նոր գույքով։ Սա աննախադեպ ծրագիր է, որի շնորհիվ Երևանի շախմատի մարզադպրոցները միանգամից կապահովվեն գրեթե ամբողջ անհրաժեշտ գույքով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցների տնօրեններին է հանձնել գույքի ստացման հավաստագրերը։

«Շատ սպասված միջոցառում էր։ Երևանի քաղաքապետը, ով նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, համարձակ նախաձեռնությամբ մեկնարկեց շախմատի մարզադպրոցների ստեղծման ծրագիրը, և այսօր արդեն 3000-ից ավելի երեխա է հաճախում այդ դպրոցներ։ Այս թիվը բավականին արագ ավելանում է և քաղաքապետի հոգածությունն այս աճին համաքայլ է»,- նշել է Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, փոխնախագահ Նորայր Քալանթարյանը։




Լրահոս