«ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԻ» ԱՎԱՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործի»  քննությունը, որով մեղադրվում են 27-ամյա երեք երիտասարդներ՝  Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2003թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ շարքային Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության համար:
Արդեն 9 տարի (որից 4 տարին միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում) քննվող գործը մոտենում է ավարտին: Դատաքննությունը հասել է դատական վիճաբանությունների փուլին, եւ կողմերը պետք է ներկայացնեն ճառերը: Մինչ այս նիստը  մեղադրող կողմի բացակայության պատճառով ճառերի ներկայացումը մի քանի անգամ հետաձգվել էր: Այս դատական նիստին կողմերից եւ ոչ մեկը չէր բացակայում, բայց նիստի հենց սկզբում մեղադրող կողմը միջնորդեց այն հետաձգել եւ ձեռնարկել միջոցառումներ՝ հրամանատար Իվան Գրիգորյանին  հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ: Միջնորդությունը բավարարելու հարցում տարբեր կարծիքներ հայտնեցին տուժողի իրավահաջորդները: Նրանցից մեկը կողմ էր դրա բավարարմանը, մյուսը՝ դեմ: Միջնորդությունը բավարարելուն կտրականապես դեմ եղավ նաեւ մեղադրյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Ի. Գրիգորյանին հայտնաբերելու եւ հարցաքննելու պատրվակով մեղադրական կողմը մի քանի անգամ փորձել է ձգձգել անցումը դատական վիճաբանությունների փուլին: Հ. Ալումյանի կարծիքով՝ մեղադրող կողմի այս առաջարկը ձգձգելու պատրվակների հերթական շարքից է: Փաստաբանը կարծում է, որ դատական վիճաբանությունների փուլում Ի. Գրիգորյանին հարցաքննության հրավիրելով` փորձ է կատարվում վերսկսել դատաքննությունը:
Մեղադրող կողմը նշեց, թե իրենք ձգձգումների միտում չունեն, եւ որ դատախազությունը չի զբաղվում ֆանտաստիկայի ոլորտից ինչ-որ բաներ պլանավորելով: Այնուամենայնիվ, դատարանը չբավարարեց միջնորդությունը եւ մեղադրող կողմին առաջարկեց ներկայացնել մեղադրական ճառը: Մեղադրող կողմը դատարանից խնդրեց 5 րոպե ընդմիջում: 5 րոպեն ձգձգվեց մինչեւ 55 րոպե: Մեղադրող կողմն իր ճառում նշեց, որ քրգործի նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է. «2003թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-21:00-ի սահմաններում, միասին զորամասից դուրս՝ Մատաղիսի ջրանցքի հարեւանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում, Ռ. Սարգսյանի ծնողների ուղարկած սննդի մի մասը ուտելուց հետո՝ շինությունից դուրս գալու պահին, սննդի մյուս մասը իրենցից պահանջելու պատճառով վիճաբանել են: Վեճն աստիճանաբար վեր է ածվել ծեծկռտուքի: Ա. Զալյանը, Մ. Սերոբյանն ու Ռ. Սարգսյանն առանձնակի դաժանությամբ՝ ձեռքերով, ոտքերով եւ մետաղյա ձողերով բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել Ռ. Եղիազարյանին եւ Հ. Մկրտումյանին, ինչի արդյունքում նրանք մահացել են»: Մեղադրական ճառի շարունակությունը ներկայացնելու համար մեղադրող կողմը խնդրեց նիստն ընդմիջել մինչեւ դեկտեմբերի 4-ը:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 Գյումրի




Լրահոս