«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր ընկերություններից արձագանքներ է ստացել՝ կապված «Սթար»-ի պարտքերի հետ: Ընկերության ներկայիս խնդիրների եւ ապագայի պլանների մասին զրուցեցինք «Սթար»-ի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչիի հետ:
-Մենք տարբեր ընկերություններից արձագանքներ ենք ստանում, որ «Սթար»-ը պարտքեր է կուտակել: Ի՞նչն է պատճառը:
-Հիմնականում պատճառը տնտեսական ճգնաժամն է եւ դրան հաջորդող օպտիմալիզացիայի ուշացումը: Հիմա լրիվ բիզնեսն օպտիմալիզացնում ենք: Այսօր մենք գտնվում ենք արդյունավետության բարձրացման եւ ծախսերի կրճատման փուլում: Արտասահմանցի ներդրողների հետ կան շատ լուրջ բանակցային պայմանավորվածություններ, եւ 2013-ին նոր ներդրումներ կլինեն «Սթար»-ում: Պարտքեր կան, որոնք մարել ենք, իսկ 2013-ին առողջացման ծրագիր կա, որ մտնում է նորմալ գրաֆիկ` օգտագործելով նաեւ ներդրումները: Այս խնդիրը 2013-ի ընթացքում կլուծվի:
-Հնարավո՞ր է, որ եկող տարի մուտք գործեք առանց պարտքերի:
-Չեմ կարծում, բայց առողջացումը տարվա մեջ գծագրված կընթանա, որովհետեւ պարզ է, թե ինչ է սպասվում մեզ, ինչ անելիքներ ունենք, եւ նաեւ պարզ է, թե այս պահին ինչ ենք անում: Ինձ հրավիրել են այստեղ հենց արդյունավետության խնդիրը լուծելու եւ այն բարձրացնելու համար:
-Այդ բացթողման հեղինակն ո՞վ է կամ ո՞ւմ թերի աշխատանքի պատճառով են այդ պարտքերը կուտակվել:
-Պարտքերը հին ժամանակներից են գալիս: Այսօր մեր հասույթները չեն հերիքում: Դրա համար գնում ենք ծախսերի կրճատման ճանապարհով, որպեսզի բերենք ինչ-որ մի հարթության, որ ընկերությունը կարողանա ինքն իրեն պահել: Ներդրումները կուժեղացնեն «Սթար»-ի վիճակը: Այս պահին պատրաստվում էինք խանութներ ավելացնել, բայց կանգնեցրեցինք դա, քանի դեռ մեր հիվանդությունները չեն բուժվել: Խնդիրները լուծելուց հետո կարելի է: Նախկինում ինչպես է եղել. վարկային ռեսուրսներով բացվել են այդ խանութները, բայց այսօր նման ճոխություն թույլ տալ սխալ է:
-Ի դեպ, դժգոհություններ եղել են նաեւ սպասարկումից, ժամկետանց սնունդից: Նաեւ նկատելի է, որ խանութում քիչ թվով աշխատողներ կան:
-Մեզ մոտ ժամկետանց սնունդ չի եղել: Իսկ սպասարկման վրա առավոտից մինչեւ երեկո աշխատում ենք: Քիչ են աշխատողները, համաձայն եմ: Բայց եկե՛ք մեկ այլ կողմից նայենք. արտասահմանում գանձարկղի մոտ 18-20 հոգի հերթ են կանգնում, բայց նրանք խելոք կանգնում են, իսկ այստեղ` Հայաստանում, երեք հոգի հերթ են կանգնած լինում, բայց չորրորդը չի համբերում: Հայաստանցի գնորդը պահանջկոտ է: Դա գալիս է այն երեւույթից, որ այստեղի աշխատուժն էժան է: Պետք է պահենք այնքան մարդ, ինչքան կարող է պահել հիմնարկը: 30 խանութում մի գանձապահ ավելացնելու դեպքում 9-10 միլիոն դրամ աշխատավարձ է ծախսվելու: Իսկ դա այն թիվն է, որ հիմնարկը չի կարող պահել: Աշխատուժի էժանությունը բերել է հաճախորդի պահանջկոտությանը, որը, կարծում եմ, արդարացված չէ:
-Բայց եթե չբավարարվեն հաճախորդի պահանջկոտությունը, ցանկությունները, ապա նա երկրորդ անգամ էլ չի այցելի այդ սուպերմարկետ:
-Վաղն էլ մյուս սուպերմարկետները կգան դրան: Մյուսները սեգմենտով բարձր են, հաճախորդն ավել փող է տալիս հարմարավետության համար: 100-դրամանոց ապրանքը մյուս սուպերմարկետներում վաճառվում է 120-ով, ու դրա համար հաճախորդը վճարում է եւ պետք է պահանջի: Մեզ մոտ հակառակն է. հաճախորդին էժան գին ենք առաջարկում, առանց այն էլ առկա է սոցիալական լարվածություն, մթերքի գների բարձրացում, դոլարի արժեւորում:
-Ինչպե՞ս համաձայնեցիք պարտքերով ընդունել գործադիր տնօրենի պաշտոնը: Դժվա՞ր չէ: Երաշխավորո՞ւմ եք, որ ընկերությունը դուրս կբերեք այս իրադրությունից:
-Ես մարտական եմ տրամադրված եւ սովոր եմ նման կարգավիճակներին: Ամեն ինչ որ լավ վիճակում լիներ, ես այստեղ անելիք չէի ունենա: Արդյունքներ կան: «Սթար»-ը ծաղկելու է, այլ ճանապարհ չկա: Առողջացումն արագ չի լինի, բայց կլինի: Ամեն ինչ իր ժամանակին:
-Հնարավո՞ր է, որ Երեւանում սուպերմարկետները շատ են ու ճնշում են «Սթար»-ին, այդ պատճառով էլ չեք դիմանում մրցակցությանը:
-Չէ՛, նման բան չկա: Մեկն իր սեգմենտով է տարբեր, մյուսը` ֆորմատով: Մեզ մոտ խնդիրը միայն ֆինանսի հետ է կապված, որն էլ կլուծվի:
-Հայտնի է, որ «Սթար»-ն ունի «թեժ գիծ» ծառայություն: Ավելի շատ ինչի՞ց են դժգոհում հաճախորդները:
-Հաճախորդը ցանկանում է ավելի լավ սպասարկում, որի վրա մենք աշխատում ենք: Շատ դեպքերում հաճախորդի պահանջն օբյեկտիվ չի եղել, բայց մենք ընդառաջել ենք նրան: Հաճախորդը նաեւ բողոքում է արտադրանքի որակից, բայց դա «Սթար»-ից կախված չէ, արտադրողների խնդիրն է: Իհարկե, դրանում նաեւ հաճախորդը մեղք չունի: Բացի այդ, ամեն ավտոտնակում արտադրվող արտադրանք չպետք է հայտնվի սուպերմարկետներում, որովհետեւ դա բրենդին է վնասում: Դրանով նաեւ սպառողի շահերն ենք պաշտպանում:
«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՆՈՐԴԸ ՊԱՀԱՆՋԿՈՏ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ