Նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) շարունակվեց Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչներ Սարգյուլ Սիրեկանյանի եւ Կարինե Օթարյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Ամբաստանյալ Ս. Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2011թ.-ից մինչեւ 2012թ. հունիս ամիսը Իջեւանի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների: Իսկ Կ. Օթարյանը մեղադրվում է նրանում, որ Իջեւանի սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրներից մեկում աշխատելով որպես ադմինիստրատոր՝ հյուրանոցի սենյակները հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառներ Ա. Գրիգորյանին, Ա. Ղազարյանին, Ա. Խաչինյանին, Զ. Փարսադանյանին եւ Ա. Մկրտումյանին: Ամբաստանյալ Ս. Սիրեկանյանը դատարանում պաշտպան չունի, իսկ Կ. Օթարյանն օգտվում է հանրային պաշտպանի ծառայություններից: Նոյեմբերի 30-ին Ս. Սիրեկանյանի դատավարությունը հետաձգվել է: Նույն օրը դատախազ Վ. Առաքելյանը պահանջել է Կ. Օթարյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը կիրառել է ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածը եւ Օթարյանին դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:
ԿԱՎԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ