ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ԻՐԱԿԱՆ ԳՈՒՐԳԵՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ նոր ռիթմիկ տեսահոլովակը` «Յար, յար», բոլորովին նման չէր նախկինում արված աշխատանքներին: Երգիչը հանդես էր եկել նոր կերպարով: Ինչպես ինքը նշեց` փոփոխություն, նաեւ հանդիսատեսին նորովի ներկայանալ էր ուզում:
-Հանդիսատեսի համար շատ անկանխատեսելի էր, բայց իրականում ինձ համար շատ սովորական էր, քանի որ ես այն չեմ, ինչ ինձ գիտեն կամ պատկերացնում են: Իրականում ես իմ հայացքներով ազատ եմ, ժամանակակից, իսկ տեսահոլովակն իմ իրական կերպարին մոտ էր, ինձ համար խորթություն չէր ո՛չ պարելը, ո՛չ հագուստը, ո՛չ էլ մոտո քշելը:
-Քննադատություն չե՞ք լսել, որ հիմա էլ 6/8 եք երգում:
-Իհարկե լսել եմ, բայց չեմ կարող բոլորին հատ-հատ պատասխանել, որովհետեւ եթե մեկը կարծիք է հայտնում կամ քննադատում է տվյալ գործը, գոնե պետք է որոշակի հիմք կամ նախապատրաստվածություն ունենա այդ բանն ասելու: Ինչ վերաբերվում է 6/8-ին, ախր շատ ծիծաղելի է, դա ընդամենը չափ է, տեմպ: Այդ չափի մեջ շատ ստեղծագործողներ ունենք, Սայաթ-Նովան էլ, Կոմիտասն էլ ունեն 6/8 չափի մեջ գրած երգեր, բայց դա չի նշանակում, որ դրանք վատն են կամ ռաբիս են: Շատերն ասում են 6/8՝ չհասկանալով, թե ինչ է: Դա տակտ է, որտեղ մի տակտում տեղադրվում է 6 հատ 8-երորդական նոտա: Ես սա ասում եմ որպես դիրիժոր, որովհետեւ Կոնսերվատորիայի դիրիժորական բաժինն եմ ավարտել:
-«Յար, յար» երգը համարո՞ւմ եք կոմերցիոն:
-Այո՛, համարում եմ, որ ճիշտը ասեմ, նախապես էլ մտածված էր, որ պետք է կոմերցիոն լինի: Բայց այս երգի կողքին կան նաեւ այլ երգեր, երբ միջոցառումներին ուզում են լսել երգչին, հո մի երգով չե՞ն հրավիրում:
-Խնջույքներին երգելու համար ունե՞ք սահմանված գին, որից պակաս չեք երգում:
-Ունեմ:
-Ու վե՞րջ:
-Դե էլ ի՞նչ ասեմ: Խնջույքներին երգելու հրավերներ ընդունում եմ, գնի մասին ոչինչ չեմ ասի: Ես երգում եմ նաեւ ընկերական հիմունքներով, ենթադրենք՝ ընկերոջս հարսանիքն է, հո ամեն տեղ գումարո՞վ չի լինում: Ես դրսում շատ ավելի եմ վաստակում, քան Հայաստանում:
-Հարսանիքներին ամենից շատ ի՞նչ են ուզում լսել, ո՞ր երգերի տակ է մեր ազգը սիրում ուրախանալ:
-Ես երգում եմ միայն իմ երգացանկից: Դրանք այն երգերն են, որ հանդիսատեսն արդեն գիտի` «Յար, յար», «Լուսին ես ամպի տակին»: Մի քանի հատ էլ հանգիստ երգեր ունեմ, բայց մարդիկ մեծ մասամբ ուրախ կատարումներ են ուզում լսել:
-Նշեցիք, որ դրսում ավելի շատ եք վաստակում: Ո՞ր երկրի հայ համայնքն է ամենից շատ վճարունակ:
-Ռուսաստանի:
-Կար ժամանակ, երբ Ձեր կազմակերպչական հարցերով զբաղվում էր Ձեր հորեղբայրը` դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը: Հիմա ո՞վ է զբաղվում:
-Հիմա հիմնականում ես եմ անում իմ գործերը՝ թե՛ ձայնագրությունների հարցերը, թե՛ տեսահոլովակների: Կան որոշ մարդիկ, որոնք ինձ համերգային պայմանավորվածությունների դեպքում են օգնում, բայց նրանք մշտական չեն: Որեւէ հարց լինելու դեպքում անմիջապես ինձ են դիմում կամ էլ որեւէ ընդհանուր ծանոթի միջոցով:
-Ճի՞շտ է այն տարածված կարծիքը, որ եթե օգնող ձեռք, մեջք կամ ծանոթ չունենաս, դժվար է հայկական շոու բիզնեսում առաջ գնալը:
-Համաձայն եմ, դժվար է, դրա համար էլ պետք է մեծ շրջապատ ունենաս, շփումներ, ու բացի այդ էլ, ինքդ աշխատասեր լինես, չհուսահատվես:
-Հիմա Ձեզ օգնողն ո՞վ է:
-Մարդիկ կան, որ ինձ տարբեր հարցերով օգնում, աջակցում են,  կոնկրետ մի մարդ չէ:
-Վերջին շրջանում Ձեր նոր տեսահոլովակը շատ է պտտվում հեռուստաալիքներով: Դուք դրա համար գումար վճարե՞լ եք:
-Գիտեք, հիմա իմ կողմից ճիշտ չի լինի այդ մասին բարձրաձայնելը: Երգիչներ կան, որ գումար են տալիս, կան, որ չեն տալիս, իրենց համար անվճար է: Կարծում եմ՝ հեռուստաընկերություններն էլ չեն ուզենա, որ բարձրաձայնվի՝ որ տեսահոլովակն է փողով, որը՝ անվճար: Ավելի ճիշտ կլինի, եթե ես չպատասխանեմ:
-Ապագայում ի՞նչ նախագծեր ունեք:
-Վերջին շրջանում ժամանակս ձայնագրման ստուդիայում է անցնում, երգեր եմ ձայնագրում, մի քանի երգ արդեն ունեմ, հետո դրանցից մեկ-երկուսի վրա էլ տեսահոլովակ կնկարահանեմ: Ստեղծագործական ակտիվ շրջան է, Նոր տարուց հետո էլ շրջագայություններ են սպասվում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս