Armlur.am-ն արդեն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները «Ազատության» հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:
Տեղից Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները նստացույց են արել Ֆրանսիայի հրապարակի հատվածում և հայտարարում են, որ այդպես կմնան 1 ժամ: Ցուցարարների փոխանցմամբ, եթե իրենց պահանջներն իշխանությունները չբավարարեն, իրենք վաղը կրկին կփակեն փողոցի բանուկ հատվածը, այդ անգամ` 2 ժամ շարունակ:
Մեր թղթակիցը հայտնում է, որ տեղում ոստիկանների թիվը բավականին քիչ է, սակայն քիչ առաջ «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին է զանգահարել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտնել, որ եթե չբացեն փողոցը և շարունակեն նստացույցը, իրենք ստիպված կլինեն ուժ գործադրել:
Այդուհանդերձ նստացույցը շարունակվում է: Իսկ Բաղրամյան պողոտան մարդաշատ է: